Ի՞նչ է գրիպը եւ ինչո՞վ է այն մրսածությունից տարբերվում

14:50   16 դեկտեմբերի, 2014

- Հիվա՞նդ ես:

- Չէ, ուղղակի գրիպ եմ:

Այսպիսի երկխոսություն բոլորս բավական հաճախ ենք լսում, մանավանդ՝ ձմռանը, երբ գրիպն ու շնչառական վարակները լայնորեն տարածվում են: Մարդիկ երբեմն դասում են գրպը ամենածանր հիվանդություններին, երբեմն էլ՝ ամենաթեթեւներին:

Նշենք, որ գրիպի հիվանդացությունը 5-20% է. այսինքն, յուրաքանչյուր տարի աշխարհի բնակչության 5-20%-ը առնվազն մեկ անգամ գրիպով է հիվանդանում: 250 000-500 000 մարդ տարեկան մահանում է գրիպից; ավելին՝ ըստ 2011 թվականի տվյալների, գրիպից տարեկան մոտ 28 000-111 500 մինչեւ հինգ տարեկան երեխա է մահանում:

Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում գրիպ եւ ինչո՞վ է այն մրսածությունից տարբերվում: Այս մասին մեզ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն է պատմել:

Գրպի առաջացման հիմնական պատճառը գրիպի վիրուսն է, որը ներթափանցում է մարդու օրգանիզմ, բազմանում այնտեղ եւ առաջացնում հիվանդության ախտանիշներն ու այլ խնդիրներ: Կախված գրիպի տեսակից՝ վիրուսը կարող է մարդուց մարդու, կամ՝ կենդանիներից մարդու փոխանցվել:

Գրիպի երեք ենթատեսակ կա՝ A, B եւ C: A եւ B տեսակներն ունեն համաճարագաբանական նշանակություն, ընդ որում A տեսակը ամենավտանգավորն է՝ հենց այն բազմաթիվ ենթատեսակներ ունի:

Ի տարբերություն գրիպի, մրսածությունը հիմնականում առաջանում է ուղղակի մրսելուց կամ՝ որոշ այլ վիրուսների, բայց ոչ գրիպի վիրուսի պատճառով:

Ախտանշաններ

Մրսածությունը սովորաբար թեթեւ վիճակն է, որի ժամանակ լինում են հազ, փռշտոց, քթահոսություն, երբեմն էլ՝ ջերմություն: Այս ախտանշանները կարող են մեկից երեք օր շարունակվել, իսկ չորրորդ օրը պացիենտն իրեն արդեն լավ է զգում: Անկողնային ռեժիմ մրսածության ժամանակ չի պահանջվում:

Գրիպի ախտանշանները կարող են շատ նման լինել մրսածության ախտանշաններին՝ կոկորդի ցավ, ուժեղ գլխացավ, հազ, բարձր ջերմություն (39-40 աստիճան): Այլ ախտանիշեր կարող են լինել քթից արյունահոսությունը, մարմնի ջարդվածության զգացողությունը: Ի դեպ, մրսածության ժամանակ սովորաբար քթահոսություն է լինում, իսկ գրիպի ժամանակ՝ ոչ:

Ի տարբերություն մրսածությունից, գրիպի ժամանակ անկողնային ռեժիմ է անհրաժեշտ, իսկ այն «ոտքի վրա» անցկացնելը երբեմն ցանկության դեպքում էլ անհնար է լինում:

Գրիպի գաղտնի շրջանը 1-3 օր է, բայց կարող են եւ հաշվաշ ժամեր լինել, որոնցից հետո հիվանդության ախտանշանները արդեն կսկսեն ի հայտ գալ: Ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջ գրիպն արդեն վարակելի է, եւ այն շարունակում է այդպիսին մնալ եւս երեք-հինգ օր:

Գրիպի բուժման մեթոդների մասին կարդացեք NEWS.am Medicine-ի հաջորդ նյութերում:



© NEWS.am Medicine