Ուզո՞ւմ եք երկար ապրել. հավատացեք, որ երիտասարդ եք

18:58   16 դեկտեմբերի, 2014

Ժողովուրդն ասում է՝ մարդու տարիքն այնքան է, որքան ինքն է զգում։ Պարզվում է՝ այս ասացվածքի հիմքում գիտական փաստ է. այն մարդը, ով իրեն ավելի երիտասարդ է զգում, ավելի երկար է ապրում, քան նա, ով զգում է իր իրական տարիքը։ Այս եզրահանգմանն են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի  գիտնականները իրենց վերջին հետազոտություններից մեկի ժամանակ, որին մասնակցել է 6500 տարեց մարդ։ 

Գիտնականները փորձի մասնակիցներին հարցրել են՝ քանի տարեկան են նրանք իրականում եւ քանի տարեկան են իրենք իրենց զգում։ Մասնակիցների գրեթե 70 %-ը, ում միջին տարիքը եղել է 65,8, իրենց մի քանի տարով ավելի երիտասարդ է զգացել։ Մասնակիցների քառորդ մասն իր իրական տարիքն է զգացել, իսկ 20 մասնակիցներից միայն մեկը՝ ավելի ծեր, քան իրականում։

Հետազոտությանը հաջորդող 8 տարիների ընթացքում գիտնականները հետեւել են փորձի մասնակիցների կյանքի ընթացքին եւ գրանցել են նրանց մահվան դեպքերը։ Այդ տարիներին մահացել է իրենց ավելի երիտասարդ զգացող տարեցների 14,3%-ը, իրենց իրական տարիքն զգացող մասնակիցների 18,5%-ը եւ  իրենց ավելի մեծ զգացողների  25%-ը։

 Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ «հոգեբանական» տարիքի եւ սրտանոթային հիվանդություններից մահացությունների միջեւ զգալի կապ կա, սակայն, ցավոք սրտի, ինքնաընկալումը ոչ մի կերպ չի վերաբերում քաղցկեղային հիվանդություններից մահացության դեպքերին։

Ամեն դեպքում հետազոտությունը հնարավորություն է տալիս հետեւյալ եզրակացությունն անել. եթե ցանկանում եք ապրել երկար եւ առողջ, հավատացեք, որ Դուք դեռ երիտասարդ եք։

 



© NEWS.am Medicine