Ճառագայթային թերապիան կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բարձրացնում է լեյկեմիայի զարգացման ռիսկը

20:05   27 դեկտեմբերի, 2014

Ճառագայթային թերապիան կրծքագեղձի քացկեղի առկայության դեպքում կարող է լեյկեմիայի առաջացման պատճառ դառնալ: Անցյալում կարծում էին, որ հավանականությունը շատ փոքր է, որպեսզի դրա վրա ուշադրություն դարձնեն, սակայն Ջոնս Հոպկինսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ հավանականությունն իրականում երկու անգամ մեծ է, քան համարվել է նախկինում:

Հետազոտողները 1998-2007 թթ. ուսումնասիրել են կրծքի քաղցկեղով հիվանդ 20 063 կանանց եւ հայտնաբերել, որ նրանցից 50-ի մոտ ճառագայթային թերապիայի, քիմիոթերապիայի կամ բուժման այդ երկու մեթոդների համատեղությունից 10 տարի անց զարգացել է լեյկեմիայի այս կամ այն ձեւը: Այսինքն՝ քաղցկեղի ճառագայթային թերապիայից հետո լեյկեմիայի դեպքերը զարգացման ոիսկը 0.5% է, ոչ թե նախկին 0.25%:

Հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Անտոնիո Վոլֆը պնդում է, որ իրենց բացահայտումը կստիպի հիվանդներին եւ օնկոլոգներին այլ կերպ նայել կրծքի քաղցկեղի բուժմանը, հատկապես սկզբնական փուլերում: Հավանաբար, նրանք պետք է վերանայեն «համենայն դեպս» ճառագայթային թերապիա նշանակելու պրակտիկան, քանի որ այդպիսի թերապիայի հետեւանքները կարող են ոչ այնքան հաճելի լինել:

Վերջին տարիների ընթացքում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի քաղցկեղի դեպքում ուռուցքի անհապաղ հեռացումից հետո նշանակված քիմիոթերապիան դժվար թե օգուտ բերի, ուստի Արեւմուտքում այն բոլորին խորհուրդ չեն տալիս նշանակել, հատկապես, եթե կրծքագեղձի քաղցկեղը զարգացման առաջին փուլում է եղել: Բժիշկ Վոլֆի խոսքով, կրծքագեղձիի քաղցկեղի յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում, եւ բոլորին միեւնույն բուժումը նշանակելը խորհուրդ չի տրվում:



© NEWS.am Medicine