Ինչո՞ւ ամանորյա տոներին չպետք է երեխա պլանավորել

20:32   29 դեկտեմբերի, 2014

Ընտանիքը համալրելու մասին մտածող շատ զույգեր երեխա են պլանավորում ամանորյա տոներին:

Ամանորյա գիշերը երեխա բեղմնավորելու գաղափարը պետք է որ գայթակղիչ թվա, սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս դա անել:

Ինչո՞ւ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Հիմնական պատճառն այն է, որ տոներին մարդիկ սովորաբար բավականին մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում: Իսկ ալկոհոլը, ինչպես հայտնի է, մեծացնում է թերի սպերմատոզոիդների առաջացման հավանականությունը, այդ իսկ պատճառով հաջող բեղմնավորման դեպքում պտղի հետ խնդիրներ կարող են առաջանալ, հաճախ շատ լուրջ:

Երեխա բեղմնավորել ցանկացող զույգերին Սեւադա Հակոբյանը խորհուրդ է տալիս ամբողջովին հրաժարվել ալկոհոլից եւ այլ վնասակար սովորություններից ենթադրյալ բեղմնավորումից դեռ երեք ամիս առաջ: Ավելին, սա վերաբերում է թե´ կանանց, թե´ տղամարդկանց:

Քանի որ տղամարդկանց սպերմատոգենեզը մոտ երեք ամիս է տեւում, ծխելուց եւ ալկոհոլից հրաժարվելն այդ երեք ամսում տղամարդկանց կապահովի ավելի առողջ սպերմատոզոիդներով, եւ հնարավոր կլինի առողջ երեխա բեղմնավորել:

Ի դեպ, եթե հայր դառնալ ցանկացող մարդն աշխատում է այնպիսի վայրում, որտեղ անընդհատ ենթարկվում է վտանգավոր գործոնների եւ քիմիական նյութերի ազդեցությանը, վերջինս ստիպված է կրկին մտածել, թե ինչպես ինքն իրեն պաշտպանի այդ ամենից:

Բացի այդ, ամանորյա տոների ժամանակ եւ նախատոնական հուզմունքներից առաջացած սթրեսը նույնպես բացասաբար է անդրադառնում թե´ տղամարդկանց, թե´ կանանց պտղաբերության վրա:

Սակայն, եթե երկու զուգընկերներն էլ համաձայն են մոռանալ ալկոհոլի, ծխելու եւ տոների ժամանակ այլ վնասների մասին (եւ ցանկալի է նաեւ մինչեւ տոները), նրանք, իհարկե, կարող են մտածել երեխայի մասին եւ փորձել նրան բեղմնավորել ամանորյա գիշերը:

 

 

 

 

 



© NEWS.am Medicine