20:22 23 հունվարի, 2015Ի՞նչ է կաթվածը, որո՞նք են դրա ախտանիշերը, կանխարգելումը եւ բուժման մեթոդները: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավար՝ Զոհրաբ Ներսեսի Գրիգորյանը:
Ի՞նչ է կաթվածը
Կաթվածը կամ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը լինում է երկու տեսակի՝
իշեմիկ, երբ արյան անոթների խցանումների կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյամբ չի մատակարարվում, եւ ուղեղում օրգանական փոփոխություններ են տեղի ունենում,
հեմոռագիկ, երբ արյան բարձր ճնշման հետեւանքով անեւրիզմի (անոթների պատերի լայնացում) պատռվածք է տեղի ունենում, եւ արյունը լցվում է ուղեղի պարենքիմի մեջ:
Հիվանդության այս երկու տարատեսակի բուժման մոտեցումները տարբեր են լինում, երբեմն նույնիսկ՝ հակասական:
-Իշեմիկ կաթվածի, արյան բարձր մակարդելիության եւ թրոմբների առկայության դեպքում արյունը պետք է նոսրացնել, մինչդեռ հեմոռագիկ կաթվածի դեպքում, ընդհակառակը, արյանը ֆիբրին է հարկավոր, որը նպաստում է արյան մակարդելիությանը: Միեւնույն ժամանակ ուղեղի այտուցը եւ մետաբոլիկ փոփոխությունները կանխարգելելու համար երկու դեպքում էլ ընդհանուր միջոցներ են կիրառվում,-պարզաբանում է բժիշկը:
Իշեմիկ կաթվածի առաջացման առաջնային պատճառն աթերոսկլերոզն ու հիպերտոնիան են: Մարդու մոտ խանգարվում է լիպիդային նյութափոխանակությունը, ավելորդ խոլեստերինը կուտակվում է անոթների պատերին՝ վահանիկներ ձեւավորելով, դրան գումարած խանգարվում է տրոմբոցիտների ակտիվությունը, որոնք սոսնձվելով՝ գնդիկներ են ձեւավորում, որոնք նույնպես կուտակվում են վահանիկների վրա: Տեղի է ունենում անոթների խցանում, եւ առաջանում է այսպես կոչված աթերոթրոմբային կաթված: Մեկ այլ տարբերակ է, երբ սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ արյան մակարդելիության փոփոխություն է տեղի ունենում, սրտի անհավասարաչափ աշխատանքի պատճառով արյան գնդիկներ են ձեւավորվում, որոնք դեպի ուղեղ են բարձրանում, և քանի որ որքան անոթները մոտ են գլխուղեղին, այնքան ավելի նեղ են, տեղի է ունենում խցանում: Սա այսպես կոչված կարդիալ էմբոլիան է:
Երրորդ տարբերակն առաջանում է, երբ առկա է անոթների համակարգային հիվանդություն՝ վասկուլիտ: Տեղային գործոնների ազդեցությամբ՝ բորբոքումը կարող է սրվել, կարող է այտուց առաջանալ, արյան մակարդելիության խանգարման հետ միասին այն կարող է եւ հանգեցնել անոթների խցանման:
Ինչպե՞ս կանխարգելել կաթվածը
Զոհրաբ Գրիգորյանի խոսքով՝ կաթվածի կանխարգելման երկու տեսակ կա՝ առաջնային, երբ հիվանդի մոտ դեռ կաթված չի եղել, բայց առկա են ռիսկային գործոններ, եւ երկրորդային, երբ մարդն արդեն կաթված է ստացել, եւ պետք է կանխել դրա կրկնությունը:
Առաջնային կանխարգելումը հիմնականում աթերոսկլերոզի եւ հիպերտոնիկ հիվանդության դեմ պայքարն է: Ճնշումը պետք է համապատասխան դեղամիջոցների ընտրության ճանապարհով անընդհատ վերահսկողության տակ պահել, պետք է վերահսկել նաեւ խոլեստերինի մակարդակը՝ նույնպես հատուկ դեղամիջոցներ օգտագործելով:
Իսկ ավելի լավ կլինի այնպիսի ապրելակերպ վարել, որ հիպերտոնիա եւ աթերոսկլերոզ չառաջանան: Տվյալ դեպքում ռիսկային գործոններն են՝
• հիպոկինոզիան՝ նստակյաց ապրելակերպը,
• սննդակարգը՝ կենդանական ծագման յուղեր, շատակերություն,
• քնի եւ հանգստի ռեժիմի խախտումը,
• վնասակար սովորույթները, ընդ որում՝ ավելի շատ ծխելը, քան ալկոհոլի օգտագործումը։
Երկրորդային կանխարգելումը կրկին ներառում է աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի կանխարգելում, ինչպես նաեւ արյան մակարդելիության կարգավորում:
Կաթվածի ախտանիշերը
Արյան բարձր ճնշում, գլխացավեր, գլխապտույտ, ականջների մեջ խշշոց, սրտխառնոց, փսխում, շարժունակության խանգարումներ, տեսողության եւ նույնիսկ՝ հոգեկան խանգարումներ: Այսպիսի ախտանիշերի առաջացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես հոսպիտալացնել հիվանդին:
Կաթվածի հայտնաբերումը
Կաթվածի հայտնաբերման համար կիրառվում են նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անոթների վիճակը ստուգող դուպլեքս հետազոտություն, ինչպես նաեւ՝ արյան բիոքիմիական հետազոտությունների լայն շրջանակ:
Կաթվածի բուժումը
Կաթվածը կարելի է բուժել միայն ժամանակակից դիագնոստիկ եւ վիրահատական սարքավորումներով հագեցած կլինիկայում:
Կաթվածի բուժումն իր մեջ ներառում է ինչպես դեղորայքային, ընդ որում՝ շուկայում անընդհատ նորացվում են լիպիդային փոխանակությունը եւ արյան մակարդելիությունը կարգավորող դեղամիջոցները, այնպես էլ վիրահատական կամ ինտերվենցիոն թերապիայի միջոցով, եւ այստեղ վերջին տարիներին լուրջ առաջընթաց կա:
Ինտերվենցիոն թերապիայում կիրառվում են՝
թրոմբոլիզիս՝ հատուկ դեղամիջոցների ներարկում, որոնք տարրալուծում են թրոմբը եւ բացում անոթները (ռեկանալիզացիա): Բժշկի խոսքով՝ սա շատ նուրբ մեթոդ է, եւ մեծ է հեմոռագիայի հավանականությունը, քանի որ իշեմիկ կաթվածի ժամանակ ուղեղի հյուսվածքները փափկում են եւ կարող են չդիմակայել արյան ուժեղ գրոհին, այսինքն՝ հնարավոր է՝ իշեմիկ կաթվածը վերածվի հեմոռագիկ տեսակի: Ենթադրվում է, որ ուղեղի հյուսվածքի դիմադրությունը կարող է առաջին վեց ժամը պահպանվել, իսկ վեց ժամ անց խորհուրդ չի տրվում թրոմբոլիզիս կատարել:
Գլխուղեղը սնուցող մագիստրալ անոթների վրա վիրահատական միջամտություն. այն արվում է ինչպես կաթվածի կանխարգելման, այնպես էլ՝ կաթվածի ժամանակ ու կաթվածից հետո:
Էնդարտէրեկտոմիան, օրինակ, ավանդական վիրահատական միջամտություն է, որի ընթացքում անոթներից հեռացվում են աթերոսկլերոտիկ վահանիկները: Կատարվում է նաեւ գլխուղեղի անոթների ստենտավորում, որը նման է սրտի ստենտավորմանը կամ անգիոպլաստիկա՝ անոթների բալոնային լայնացում: Բժշկի խոսքով՝ այս երկու վիրահատական ձեւերը քիչ արդյունավետության եւ բարձր ռիսկայնության պատճառով լայնորեն չեն կիրառվում, քանի որ կարող են առաջացնել տեղային արյունահոսություն, ինֆեկցիա եւ կարող են վնասել գլխուղեղի նյարդերը:
Կաթվածի վիճակագրությունը
Վիճակագրությունը բավականին տխուր է՝ կաթվածների 30%-ը ավարտվում է մահվամբ, կաթված ստացած մարդկանց 20%-ը գամվում է անկողնուն, 30%-ը մշտական խնամքի կարիք ունի, եւ միայն 20%-ն է վերադառնում բնականոն կյանքի:
Կաթվածի բուժման երեք պայման
Կաթվածով հիվանդների բուժումը կազմակերպելիս հարկ է հաշվի առնել ուղեղի արյան օպտիմալ շրջանառությունն ապահովելու համար երեք անհրաժեշտ պայման՝
- ուղեղային-հեմոռագիկ պայման՝ գլխուղեղը մատակարարող անոթների վիճակի գնահատում,
-սրտային պայման՝ սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատում,
-միկրոշրջանառության պայման՝ արյան կոագուլյացիոն-ագրեգացիոն հատկությունների գնահատում:
-Այս երեք պայմանների գնահատման համար «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում կան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թե´ ինստրումենտալ, թե´ լաբորատոր, թե´ սրտաբանական,- իր խոսքն ամփոփեց բժիշկը: