10:40 3 փետրվարի, 2015Նախքան բեղմնավորումը եւ հղիությունը ճարպակալմամբ տառապող կանայք գրեթե 5 անգամ հաճախ են ավելորդ քաշ ունեցող երեխաներ ունենում, պնդում են Մեծ Բրիտանիայի հետազոտողները: Նրանք պարզել են, որ նախքան բեղմնավորումը կնոջ առողջությունը մեծ ազդեցություն է թողնում ապագա երեխայի առողջության վրա: Ի թիվս այլ ռիսկային գործոնների՝ գիտնականները հաշվի են առել ծխելը, D վիտամինի պակասը եւ անառողջ սննդակարգը:
Նաեւ հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշը եւ կրծքով կերակրելու անկարողությունը չափազանց բացասականորեն են անդրադառնում երեխայի զարգացման վրա: Ընդհանուր առմամբ, գիտնականները պարզել են, որ նախքան հղիությունը, դրա ընթացքում եւ հետո անառողջ ապրելակերպ վարող կանայք 4,65 անգամ ավելի հաճախ են ավելորդ քաշով երեխաներ ունենում:
Այդ կապակցությամբ հետազոտության հեղինակները կարծում են, որ երեխայի առողջության ամրապնդման վերաբերյալ ծրագրերը, որոնք, որպես կանոն սկսվում են իրականանալ երեխայի դպրոց հաճախելուց հետո, շատ են ուշանում: Երեխայի ախորժակը եւ քաշը կարգավորելու համար հետազոտության հեղինակների կարծիքով ավելի վաղ միջամտություն է պահանջվում, հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով Մեծ Բրիտանիայում հղի կանանց մոտ ճարպակալման մակարդակն արդեն իրական համաճարակի է հասել: Վերարտադրողական տարիքի կանանց մոտավորապես կեսն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, իսկ հղիների ավելի քան 15%-ի մոտ ավելորդ քաշի վտանգավոր ցուցիչներ են գրանցվում: