15:14 13 հունվարի, 2014Ֆրանսիական ընկերությունը ստեղծել է «խելացի» շապիկ, որը հետեւում է իր տիրոջ առողջական վիճակին: Շապիկն այդ եզակի հատկությունները ձեռք է բերել միկրոտվիչնեչով գործվածքի շնորհիվ, որը ունակ է հայտնաբերել հոգնածության եւ ախտաբանության առաջին իսկ նշանները:
Ֆրանսիացի գիտնականների այս հայտնագործության մասին հայտնի է դարձել հունվարին Լաս Վեգասում անցկացվող ամենամյա էլեկտրոնիկայի սպառողների Միջազգային ցուցահանդեսի (Consumer Electronics Show) ժամանակ, տեղեկացնում է News-ը։
Մշակողների խոսքով, նոր գործվածքը չափում է մարմնի ջերմաստիճանը, սրտի կծկումների հաճախությունը, շարժման արագությունը, ինչպես նաեւ որոշում է գտնվելու վայրը:
«Այս գործվածքը կարող է օգտագործվել ցանկացած հագուստ կարելու համար՝ ձեռնոց, վերնաշապիկ կամ տաբատ,- ասում է City Zen ընկերության գործադիր տնօրեն Գիլբերտ Ռեվիլլոնը.- մեզ առաջին անգամ հաջողվեց հյուսվածքի մեջ տվիչ ներդնել եւ դրանով համատեղել երկու ճյուղեր»:
Տվիչների միջոցով հավաքված տեղեկությունները շապիկը կրողի մասին իրական ժամանակի ռեժիմով անլար ցանցի միջոցով հաղորդվում է սմարտֆոնին, իսկ հետո հատուկ ծրագրի միջոցով մարդը նախազգուշացվում է ցանկացած հնարավոր ֆիզիկական խնդիրների մասին:
Ընկերության ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերի ուշադրությունը հրավիրեցին այս հայտնագործության եւս մեկ առավելության վրա՝ «խելացի» հագուստը կարելի է լվանալ եւ արդուկել: