FDA-ն հաստատել է համակցված թերապիան մելանոմայի բուժման համար

16:32   13 հունվարի, 2014

ԱՄՆ դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության գործակալությունը հաստատել է  Mekinist եւ Tafinlar դեղամիջոցները մաշկի քաղցկեղի ծանր դեպքերի բուժման համար։

Համակցված բուժումը հաստատվել է այն հիվանդների համար, ում մելանոման հնարավոր չէ հեռացնել վիրահատական եղանակով կամ այն չափազանց խորացել է: Անցյալ տարի երկու դեղամիջոցներն էլ առանձին –առանձին հաստատվել են FDA-ի կողմից այս խմբի հիվանդների համար:

Գործակալությունը հաստատել է մելանոմայի համակացված թերապիան, հիմնվելով 162 հիվանդի կլինիկական տվյալների վրա: Mekinist եւ Tafinlar-ով բուժում ստացող հիվանդների 76%-ի մոտ  ուռուցքը միջինում 10,5 ամիսների ընթացքում փոքրացել է կամ անհետացել:

Համակցված բուժում ստացած հիվանդների շարքում առավել տարածված կողմնակի ազդեցություններից են՝ տենդ, քոր, հոգնածություն, ցան, սրտխառնոց, փսխում, լուծ, որովայնի ցավեր, ոտքերի եւ ձեռքերի այտուց, գլխացավ, հոդացավ,  գիշերային քրտնարտադրություն, ախորժակի կորուստ, փորկապություն, եւ մկանանցավ: Ծանր կողմնակի ազդեցություիններից են՝ արնահոսություն, թրոմբ, սրտային անբավարարություն, մաշկի եւ աչքերի հետ խնդիրներ եւ երիկամների վնասում, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Վերարտադրողական տարիքի  կանայք պետք է իմանան, որ Mekinist-ը եւ Tafinlar-ը կարող են բնածին արատներ առաջացնել, ինչպես նաեւ հիվանդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ դեղերով բուժումը կարող է անպտղության հանգեցնել, հաղորդում է FDA-ն:

Մելանոման մաշկի քաղցկեղի առավել տարածված տեսակն է եւ  մաշկային հիվանդություններից մահվան հիմնական պատճառը:



© NEWS.am Medicine