Նույնիսկ թույլ ծխախոտը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել

20:04   5 փետրվարի, 2015

Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից է: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին տարիներին եվրոպական երկրներում հատկապես աճել է կանանց շրջանում թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացությունների թիվը: Գիտնականները կանխատեսել են, որ այս տարի՝ 2015-ին, Եվրամիության երկրներում կանանց շրջանում թոքերի քաղցկեղից մահացության դեպքերը գերազանցելու են  կրծքագեղձի քաղցկեղով մահացության  դեպքերին:

Մասնագետների խոսքով՝ պատճառն այն է, որ կանայք վերջին շրջանում սկսել են ավելի շատ ծխել: Նրանք միաժամանակ հիշեցնում են, որ թոքերի քաղցկեղ կարող են ունենալ ոչ միայն ակտիվ ծխողներն, այլեւ՝ պասիվ ծխողները եւ նույնիսկ նրանք, ովքեր առիթից առիթ են ծխում՝ նախընտրելով «թույլ» ծխախոտ:

Մասնագետներից մեկը՝ Իան Հանտը նշել է, որ եվրոպական երկրներում կանայք սկսել են ակտիվորեն ծխել մի քանի տասնամյակ առաջ, եւ թեեւ, օրինակ, Մեծ Բրիտանիայում նվազել է միջին տարիքի կանանց շրջանում ծխողների թիվը, այդուհանդերձ՝ երիտասարդները շարունակում են ակտիվորեն ծխել՝  վտանգելով իրենց կյանքը:

 Հանտի խոսքով՝ շատուշատ կանայք նախընտրում են այսպես կոչված կանացի ծխախոտ՝ մտածելով, որ դա ավելի անվնաս է: Մասնագետը, սակայն, զգուշացնում է, որ դա թյուր կարծիք է քանի որ «թույլ ծխախոտ» օգտագործողները որպես կանոն ավելի խոր  են ներս քաշում ծուխը, ինչը եւս նպաստում է թոքերի քաղցկեղի՝ ադենոկարցինոմայի առաջացմանը: Նա ընդգծել է նաեւ, որ վերջին շրջանում զգալիրորեն աճել է թոքերի քաղցկեղի առաջացման դեպքերը թույլ ծխախոտ օգտագործողների շրջանում:

 Մեկ այլ մասանգետ՝ Լանգ Լազդունսկին, հիշեցնում է, որ թեեւ թոքերի քաղցկեղ կարող են ունենալ նաեւ չծխողները՝ գենետիկ մուտացիաների հետեւանքով, այդուհանդերձ՝ ամբողջ աշխարհում ծխելը շարունակում է համարվել թոքերի քաղցկեղի առաջացման թիվ 1 ռիսկի գործոնը:

 



© NEWS.am Medicine