16:19 5 փետրվարի, 2015Ուռուցքաբանական հիվանդություններից որեւէ մեկն ապահովագրված չէ, այդուհանդերձ՝ ճիշտ կենսակերպը կարող է նվազեցնել դրանց առաջացաման վտանգը:
Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուր մարդու օրգանիզմում ի հայտ են գալիս այսպես կոչված` ոչ ճիշտ բջիջներ, եւ եթե մարդու օրգանիզմը դիմացկուն է, ապա արդյունավետորեն պայքարում է դրանց դեմ, իսկ եթե թույլ է եւ ռիսկի գործոնների ազդեցության տակ, ապա հնարավոր է, որ չկարողանա պայքարել դրանց դեմ ու կանխել այդ բջիջների աճը: Բժիշկը մանրամասնեց, որ ռիսկի գործոններ են համարվում, օրինակ, ծխելը, ալկոհոլը, որոնք թուլացնում են իմունային համակարգը եւ խթանում վերոնշյալ բջիջների աճն ու բազմացումը:
Կանխարգելիչ միջոցները
Քաղցկեղը կանխարգելելու նպատակով ցանկալի է հրաժարվել ռիսկի գործոններից եւ առողջ ապրելակերպ վարել, մասնավորապես՝ հրաժարվել ծխախոտից, քանի որ ծխելը, շատ գիտնականների կարծիքով, ոչ միայն նպաստում է թոքերի քաղցկեղի, այլեւ միզասեռական համակարգի մի շարք ուռուցքների առաջացմանը:
Կանխարգելիչ միջոցների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում առողջ սնունդը: Այսպես՝ մարդու սննդի օրաբաժինը պետք է հարուստ լինի հատկապես հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են բջիջների վնասման գործընթացը եւ այդկերպ օրգանիզմը հեռու պահում մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ ուռուցքաբանական:
Հակաօքսիդանտներով հատկապես հարուստ են՝ լոլիկը, սոխը, սխտորը, սեւ եւ կարմիր խաղողը, մի շարք այլ մրգեր ու բանջարեղեններ: Հակաօքսիդանտ է պարունակում նաեւ կարմիր գինին, սակայն բժշկի խոսքով՝ օրական 100 գրամից ավելի չի թույլատրվում խմել:
Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար անցնել կանխարգելիչ բուժզննում, որը հնարավորություն կտա ժամանակին հայտնաբերելու ուռուցքը եւ ավելի արդյունավետորեն պայքարելու դրա դեմ: 40-անց կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ նպատականերով մամոգրաֆիա կատարել՝ ռենտգենային ճառագայթների միջոցով կրծքագեղձի հետազոտությունը, իսկ մինչեւ 40 տարեկան կանանց եւ աղջիկներին՝ ուլտրաձայնային հետազոտություն: Վարդեւանյանը շեշտեց, որ յուրաքանչյուր նախորդ հետազոտության պատասխանը խիստ կարեւոր է՝ քաղցկեղի առաջացման եւ հայտանաբերման ժամանակն իմանալու, դրա աճի արագությունը որոշելու-գնահատելու եւ ճիշտ բուժում նշանակելու համար: