Տուբերկուլոզի դեմ նոր դեղամիջոցը՝ Երեւանում մեկնարկած գիտաժողովի քննարկման առարկա

12:23   17 փետրվարի, 2015

Երեւանում փետրվարի 17–ին մեկնարկել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովը` նվիրված տուբերկուլոզի հիմնախնդիրներին:

Ինչպես լրագրողներին ասաց «Բժիշկներ առանց սահմանների» միության ներկայացուցիչ Ջամիլ Ֆաքուիրզայը, գիտաժողովի ընթացքում մասնագետները եւ միջազգային փորձագետները ներկայացնելու են տուբերկուլոզի բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները եւ փորձի փոխանակում են իրականացնելու:

Նրա խոսքով՝ ներկայացնելու եւ քննարկելու շատ բան կա. ամենակարեւոր նորություններից մեկն այն է, որ աշխարհում այժմ մի նոր դեղամիջոց է կիրառվում՝ բեդակվիլին, որը բավական արդյունավետ է դեղորայքակայուն տուբերկուլոզի դեմ պայքարում: Հայաստանում, մասնագետի խոսքով, այդ դեղամիջոցը 2013 թվականից կիրառվում է, եւ հայ մասնագետները կարող են իրենց օտարերկրյա գործընկերներին իրենց փորձը եւ հաջողությունները ներկայացնել:

Գիտաժողովը կաշխատի երկու օր, դրան մասնակցում են մոտ 150 մասնագետներ, որոնց թվում են տարածաշրջանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության փորձագետները, ԱՀԿ ներկայացուցիչները եւ այլն:



© NEWS.am Medicine