Ի՞նչ չպետք է անեն երեխա ունենալ ցանկացող տղամարդիկ

19:30   22 փետրվարի, 2015

Քաղցկեղի եւ դիաբետի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալները շատ քիչ քանակով, բայց այնումենայնիվ անհրաժեշտ են սպերմատոզոիդների բնականոն գործունեության համար: Սակայն, ինչպես նշում է մանկաբարձուհի եւ պտղաբերության մասնագետ Զետա Վեսթը, օրգանիզմի գերհագեցվածությունը ազատ ռադիկալներով կարող է շատ մեծ վնաս հասցնել սպերմատոզոիդներին, ինչպես նաեւ մարդու այլ բջիջներին:

Ահա մի քանի գործոն, որոնք բացասաբար են անդրադառնում տղամարդու առողջության վրա՝ վնասակար ազդեցություն ունենալով վերջինիս սերմնահեղուկի որակի վրա: Երեխա ունենալ ցանկացող տղամարդիկ պետք է հնարավորինս խուսափեն դրանց ազդեցությունից: 

Բարձր ջերմաստիճանի վնասակար ազդեցություն

Ջակուզին, սաունաներն ու տաքացվող նստատեղերը շատ վտանգավոր են տղամարդու առողջության համար: Դա գիտեն գրեթե բոլորը: Սակայն շատերին հայտնի չէ, որ նույնքան վնասակար են բջջային հեռախոսը գրպանում, նոութբուքը կամ պլանշետը ծնկների վրա: Վերջիններս նույնպես բարձրացնում են ամորձիների ջերմաստիճանը: Իսկ բնությունը պատահաբար չէ, որ դրանց համար տեղ է նախատեսել մարմնից դուրս: Ջերմային ռեժիմը պետք է պահպանել:

Ներքնաշորեր

Նեղ ներքնաշորերը նույնպես շատ վտանգավոր են: Քանի որ դրանք նույնպես բարձրացնում են ամորձիների ջերմաստիճանը եւ բացասաբար անդրադառնում առողջ սպերմատոզոիդների արտադրության վրա:

Տապակած սնունդ

Ինչպես հայտնի է, տապակած սնունդը կանցերոգեն նյութերի աղբյուր է: Այն նաեւ նպաստում է օրգանիզմում ազատ ռադիկալների ձեւավորմանը: Հայր դառնալ ցանկացող տղամարդը պետք է հնարավորինս հետեւի առողջ սննդակարգին: Պետք է տապակած մսի փոխարեն օգտագործել եփած միս:

Տրանս-ճարպերն ու կոսերվանտները

Տրանս-ճարպերն ու կոսերվանտները նունպես վտանգավոր են այն նույն պատճառով, ինչ տապակած սնունդը:

Ալկոհոլ ու նիկոտին

Ալկոհոլն ու նիկոտինը, ինչպես նաեւ ցանկացած թմրանյութերի օգտագործումը, բացասաբար են անդրադառնում տղամարդու առողջության վրա: Առաջինը դրանց ազդեցությունից տուժում է, որպես կանոն, վերարտադրողական համակարգը:

Տարիքին զուգահեռ տղամարդու վերարտադրողական համակարգն ամեն դեպքում թուլանում է, սակայն, Զեթա Վեստի խոսքով, ճիշտ սնվելու ու առողջ ապրելակերպին հետեւելու դեպքում նրա օրգանիզմը ավելի երկար երիտասարդ կմնա՝ պահպանելով բեղմնավորելու հատկությունը:



© NEWS.am Medicine