22:35 7 մարտի, 2015Օպտիմիզմն ու դրական տրամադրությունը զգալիորեն նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների, հատկապես սրտի կաթվածի հավանականությունը, նշում են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի կաթվածից հետո հոռետեսորեն տրամադրված հիվանդները սովորաբար երկու անգամ ավելի հաճախ են լուրջ բարդացումներ ունենում, քան օպտիմիստ հիվանդները: Այս բարդացումներն էլ ենթադրում են կրկնվող, էլ ավելի ծանր սրտի կաթված, սրտի վիրահատություն կամ նույնիսկ մահ:
Հետզոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են անկայուն ստենոկարդիայով եւ սրտի կաթվածով հոսպիտալացված 369 հիվանդի հոգեբանական վիճակը: Բժիշկները նրանց առողջությանը հետեւել են նաեւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 46 ամիսների ընթացքում:
Ծխող եւ հոռետեսորեն տրամադրված հիվանդների կեսը շարունակում էր ծխել հոսպիտալացվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Ի տարբերություն նրանց՝ լավատեսորեն տրամադրված ծխողների 85 տոկոսը ավելի շուտ էր թողել ծխելը: Մասնագետների խոսքով՝ ծխելը ստենոկարդիայի եւ սրտի կաթվածի հիմնական պատճառներից մեկն է, եւ այն, որ օպտիմիստները թողել էին ծխելը, բարձրացրել էր նրանց՝ մոտական տարիների ընթացքում առողջ լինելու հավանականությունը:
Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ շատ ավելի հավանական է, որ օպտիմիստ հիվանդները սրտի կաթվածից հետո մեկ տարվա ընթացքում իրենց սննդակարգում ավելի շատ միրգ ու բանջարեղեն կներառեն: Իսկ հոռետեսները, որոնք շարունակում են ծխել ու անառողջ կենսակերպ վարել, ամենայն հավանականությամբ էլ ավելի կվատթարացնեն իրենց առողջությունը: Օպտիմիստ հիվանդների 40 տոկոսն օգտագործում էր բժիշկների խորհուրդ տված մրգի ու բանջարեղենի օրական չափաբաժինը, այնինչ հոռետեսների միայն 20 տոկոսն էր հետեւում բժիշկների այդ խորհրդին հոսպիտալացումից հետո 12 ամիսների ընթացքում:
Գիտնականների խոսքով՝ օպտիմիստ մարդիկ շատ ավելի ընդունակ են իրենց կենսակերպի փոփոխություններին առնչվող խորհրդներին ականջալուր լինել, ինչն էլ օգնում է նրանց ավելի արագ ապաքինվել: