Ամնեզիայով տառապող աղջիկը հիշել է ամեն ինչ եղբորը գրկելուց հետո

21:59   9 մարտի, 2015

2 տարի առաջ 16-ամյա Քլոյա Ինմանի մոտ հիշողության կորուստ է տեղի ունեցել լյումբալ պունկցիայից հետո: Այս ամբողջ ընթացքում նա չի հիշել ինքն իրեն, չի ճանաչել բարեկամներին ու ընկերներին, չի կարողացել դպրոց հաճախել: Սակայն բոլոր հիշողությունները վերադարձել են այն պահին, երբ նա գրկել է իր վեցամյա եղբորը:

«Ես մոռացել էի ամբողջ կյանքս, դա սարսափելի էր: Մայրս եւ հայրս շատ էին տխրել, որ չեմ հիշում իրենց: Մենք փորձեցինք անել ամեն հնարավորը: Ինձ ընտանեկան նկարներն էին ցույց տալիս, եւ ես չէի ճանաչում ինքս ինձ, չէի կարողանում հիշել՝ ով եմ եւ ինչպես եմ հայտնվել այդ լուսանկարների վրա», - պատմում է աղջիկը:

Բայց ամեն ինչ փոխվեց այն պահին, երբ աղջկա վեցամյա եղբայրը՝ Սելեբը, անսպասելի ներս վազեց եւ գրկեց աղջկան:

«Դա շատ տարօրինակ կարող է թվալ, բայց առաջինը, ում ես հիշեցի, Սելեբն էր: Մենք միշտ շատ մտերիմ ենք եղել, եւ երբ նա գրկեց ինձ, ես հիշեցի նրան, իսկ այնուհետեւ նաեւ ընտանիքս», - նշում է Քլոյան:

Աղջկան լյումբալ պունկցիա են արել ողնաշարից ավելորդ հեղուկ դուրս բերելու համար: Բանն այն է, որ աղջիկը ներգանգային հիպերտենզիայով էր տառապում, որի պատճառով անտանելի սուր գլխացավեր էր ունենում: Իսկ հիշողության կորուստը լյումբալ պունկցիայի առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունն է: 

Այժմ ավելորդ հեղուկի քանակը աղջկա ողնաշարում փորձում են նվազեցնել դեղորայքային բուժման միջոցով: Որոշ դրական արդյունքներ արդեն իսկ արձանագրվել են: Սուր գլխացավեր աղջկա մոտ չեն նկատվում:



© NEWS.am Medicine