5 փաստ, որոնք պետք է իմանան այն ծնողները, ում դուստրը ուզում է կոսմետիկա օգտագործել

11:47   10 մարտի, 2015

Ամեն ընտանիքի կյանքում վաղ թե ուշ լինում է այն պահը, երբ աղջիկը, որը դեռ երեկ շատ փոքր էր թվում, ուզում է սկսել կոսմետիկա օգտագործել: Թույլ տալ դա նրան, թե ոչ, ծնողների գործն է: Քլիվլենդի կլինիկայի մանկաբույժ Եվա Կուբիչեկ-Լավը նշում է 5 փաստ, որոնք պետք է իմանան այն ծնողները, ում դուստրը ուզում է կոսմետիկա օգտագործել:

1. Օգնեք ճիշտ կոսմետիկա ընտրել

Մանկաբույժը խորհուրդ է տալիս օգնել դեռահասին ճիշտ կոսմետիկա ընտրել: Եթե նույնիսկ փաթեթավորման վրա գրված է, որ կոսմետիկ միջոցը «բնական է», դա դեռ չի նշանակում, որ այն իրականում համապատասխանում է բոլոր ստանդարտներին եւ իրապես անվտանգ է:

2. Շպարը շատ չպետք է լինի

Դեռահասը կարիք չունի շատ ինտենսիվ գույնի կոսմետիկա օգտագործել: Եթե Ձեր դուստրը ցանկանում է դիմահարդարվել, թող շրթունքների փայլ օգտագործի եւ մի փոքր ընդգծի աչքերը:

3. Հետեւեք հնարավոր մաշկային ցանին

Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են ալերգիա առաջացնել ոչ միայն դեռահասների, այլ նաեւ չափահաս մարդկանց մոտ: Մանկաբույժը խորհուրդ է տալիս հետեւել դեռահասի մաշկին եւ ցանի, բորբոքման կամ ալերգիայի առաջին իսկ ախտանշանների դեպքում դադարեցնել օգտագործել կոսմետիկ տվյալ միջոցը: Եթե բորբոքումը սուր է եւ ուղեկցվում է այտուցմամբ, դիմեք բժշկի:

4. Զգույշ եղեք զգայուն մաշկի հետ

Եթե դեռահասը շատ զգայուն եւ շուտ բորբոքվող մաշկ ունի, պետք է շատ զգուշորեն ընտրել կոսմետիկ միջոցները, հակառակ դեպքում առկա խնդիրները կարող են էլ ավելի խորանալ:

5. Սովորեցրեք երեխային ճիշտ խնամել մաշկը

Մանկաբույժը նաեւ խորհուրդ է տալիս սովորեցնել.

Ամեն օր լվանալ դեմքը համապատասխան փափուկ միջոցներով

Հակաբակտերիալ օճառ չօգտագործել

Հեռացնել շպարը քնելուց առաջ

Ոչ մեկին թույլ չտալ օգտվել անձնական օգտագործման հարդարման պարագաներից

Ամեն 6 կամ 12 ամիսը մեկ ազատվել հին կոսմետիկ միջոցներից, քանի որ դրանք կարող են անվտանգ չլինել:



© NEWS.am Medicine