Վեց խորհուրդ՝ քնի որակը բարելավելու համար

19:40   13 մարտի, 2015

Շատ հաճախ մեր վնասակար սովորությունները հանգեցնում են քնի խանգարումներին, որոնք էլ բացասաբար են անդրադառնում մեր առողջության եւ այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա: Ինչպես նշում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը, քնի որակը կարելի է զգալիորեն բարելավել՝ հետեւելով մի շարք պարզ խորհուրդների.

1. Պառկեք քնելու եւ արթնացեք միեւնույն ժամին՝ անկախ շաբաթվա օրերից: Երկուշաբթիից ուրբաթ վատ քնելը եւ շաբաթ եւ կիրակի քնի պակասը հատուցելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

2. Ննջարանը պետք է ասոցացվի միայն քնի եւ սեքսի հետ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելորդ իրեր չպահել այս սենյակում: Մասնագետը խորհուրդ չի տալիս քնելուց առաջ հեռուստացույց դիտել, սմաթֆոնից ու պլանշետից օգտվել, ինչպես նաեւ ուտել եւ խմել տեղաշորում: Դուք, հնարավոր է, դա չեք ընկալում, բայց այս բոլոր գործողությունները հանգեցնում են քնի որակի վատթարացմանը:

3. Քնելուց առաջ խուսափեք կոֆեին օգտագործելուց: Որոշ մարդիկ պնդում են, որ հանգիստ քնում են նույնիսկ ուշ ժամին սուրճ խմելուց հետո, բայց իրականում դա այդպես չէ: Սուրճը, ինչպես նաեւ կոֆեին պարունակող այլ խմիչքները, քունն ավելի մակերեսային են դարձնում: Բացի այդ՝ քնելուց առաջ խորհուրդ չի տրվում նաեւ ծխել (ընդ որում՝ խոսքը ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելու մասին է), քանի որ նիկոտինը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա:

4. Պետք չէ քնի խանգարումները բուժել ալկոհոլի միջոցով: Մարդկանց կարող է թվալ, որ ալկոհոլից հետո քունը ավելի որակյալ է լինում, բայց սա անցողիկ էֆեկտ է, որին կարող են հետեւել քնի լուրջ խանգարումները:

5. Ուշ ժամին սնվել եւս պետք չէ, քանի որ այդ դեպքում կդժվարանա քուն մտնելը: Մյուս  կողմից՝ սոված քնել էլ պետք չէ: Ամենաօպտիմալ տարբերակը քնելուց երկու-երեք ժամ առաջ սնվելն է:

6. Ակտիվ ֆիզիկական վարժությունները քնելուց առաջ եւս հակացուցված են, քանի որ վատթարացնում են քունը, այդ պատճառով մասնագետը խորհուրդ չի տալիս սպորտով զբաղվել քնելուց առաջ:



© NEWS.am Medicine