Ցերեկային քուն. օգտակար եւ վնասակար կողմերը

15:45   13 մարտի, 2015

Օգտակար է արդյո՞ք ցերեկային քունը: Պետք է արդյո՞ք քնել ցերեկը: Շատերին հետաքրքրող այս հարցերին պատասխանում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ միանշանակ ասել ցերեկային քունը օգտակար է, թե ոչ: Ամեն ինչ կախված է մարդուց եւ նրա օրգանիզմից, ինչպես նաեւ նրա մոտ քնի խանգարումների առկայությունից: Եթե մարդը քնի խանգարումներ ունի, ցերեկային քունը, մասնագետի խոսքով, նրան հակացուցված է, քանի որ դա բացասաբար է անդրադառնալու գիշերային քնի որակի վրա՝ էլ ավելի սրելով առկա խնդիրները:

Սակայն, մասնագետի խոսքով, կան մարդիկ, որոնց դեպքում ցերեկային քունը չի անդրադառնում գիշերային քնի որակի վրա: Այս մարդկանց եւս, ամեն դեպքում, ցերեկը շատ երկար քնել պետք չէ: Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ ցերեկային քնի օպտիմալ տեւողությունը 45-60 րոպե է, ոչ ավել (գիշերային քունը պետք է տեւի 6-8 ժամ):

Կան նաեւ մարդիկ, որոնք ցերեկը քնում են 5-10 րոպե, եւ դա նրանց բավական է լինում հանգստանալու եւ թարմանալու համար: Այս մոտեցումը, մասնագետի խոսքով, եւս նորմալ է համարվում, եթե, իհարկե, ցերեկային քնի այս տեսակը գիշերային քնի որակի վրա չի անդրադառնում:

Հիշեցնենք, որ, ավստրալիացի գիտնականների պնդմամբ՝ ցերեկային քունը վատթարացնում է մինչեւ 5 տարեկան երեխաների գիշերային քունը: Երեխաները ավելի դժվար էին քուն մտնում ցերեկը, տուժում էր նաեւ քնի տեւողությունը:

Բացի այդ՝ արթուն մնալու ամեն ժամ նպաստում է օրգանիզմում ադենոզինի մակարդակի բարձրացմանը եւ դա նպաստում է գիշերային քնի որակի բարելավմանը, պնդում են մասնագետները: Երբ մարդը քնում է ցերեկը, ուղեղը ազատվում է կուտակված ադենոզինից, ինչի հետեւանքով գիշերային քունը կարող է բարդանալ:



© NEWS.am Medicine