Հորմոնալ հակաբեղմնավորիչները՝ ծանր հիվանդության պատճա՞ռ

11:48   18 մարտի, 2015

Հինգ տարվա ընթացքում հակաբեղմնավորիչներ ընդունած կանայք երեք անգամ ավելի հաճախ են տառապում Կրոնի հիվանդությամբ: Նշենք, որ Կրոնի հիվանդությունը ախտահարում է մարսողական համակարգը եւ բորբոքման պատճառ  դառնում: Ինչպես նշում է The Telegraph-ը, հավանական է, որ հենց հակաբեղմնավորիչներն են վերջին 50 տարիների ընթացքում այս հիվանդության դեպքերի շեշտակի աճի պատճառը (հենց 60-ական թվականներին են սկսել կիրառվել ներքին ընդունման հակաբեղմնավորիչները):

Կրոնի հիվանդության հավանականությունը աճում է նաեւ անհապաղ կոնտրացեպցիայի միջոցների հետեւանքով (հաբեր, որոնք պետք է ընդունել չպաշտպանված սեռական ակտից հետո): Գիտնականներն այս եզրահանգման են եկել 230 հազար ամերիկուհի ներառած հետազոտությունից հետո, որը ղեկավարն էր գաստրոէնտերոլոգ Համեդ Կալիլին:

Դատելով ամենից՝ հակաբեղմնավորիչներն ինքնին Կրոնի հիվանդություն չեն առաջացնում: Բայց ահա տարբեր գործոնների համակցումն ու գեները կարող են հանգեցնել տհաճ հետեւանքների: Հատկանշական է, որ ռիսկի խմբում ընդգրկվել են Կրոնի հիվանդության նկատմամբ գենետիկական հակվածություն ունեցող կանայք: Այսինքն՝ եթե ընտանիքում որեւէ մեկի մոտ արդեն իսկ ախտորոշվել է այս հիվանդությունը, խորհուրդ է տրվում զերծ մնալ հակաբեղմնավորիչներ ընդունելուց:

Կրոնի հիվանդությունը մարսողական խնդիրներ է առաջացնում, ինչպես նաեւ հոգնածություն, փորլուծություն եւ անեմիա: Հիվանդությունը, ինչպես հայտնի է, էլ ավելի բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, եթե համակցվում է ծխելու հետ: Ցավոք, այս հիվանդությունը բուժող դեղամիջոց դեռեւս գոյություն չունի: Բժիշկները կարող են ընդամենը մեղմել բորբոքումը եւ պայքարել ախտանիշների դեմ:

 



© NEWS.am Medicine