Հակաբիոտիկները կարող են երկրորդ տիպի դիաբետի պատճառ դառնալ

18:48   26 մարտի, 2015

Որոշ տեսակների հակաբիոտիկների մշտական օգտագործումը կարող է բարձրացնել երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը, զգուշացնում են Փենսիլվանիայի համալսարանի գաստրոէնտերոլոգիայի եւ ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները:

Երկրորդ տիպի դիաբետն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը կորցնում է արյան մեջ պարունակվող շաքարը ինքնուրույն մշակելու հատկությունը, իսկ տեղի է ունենում դա հիմնականում  մարդու կենսակերպի պատճառով: Եթե մարդը քիչ է շարժվում, տառապում է ճարպակալմամբ, սխալ է սնվում, երկրորդ տիպի դիաբետի հավանականությունը զգալիորեն աճում է:  Իսկ այժմ պարզվել է, որ որոշակի դեր է խաղում այստեղ նաեւ հակաբիոտիկների չարաշահումը:

Այս եզրահանգման գալուց առաջ գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, թե ինչ հակաբիոտիկներ են ընդունել հետազոտությանը մասնակցած դիաբետով տառապող 200 հազար մարդ հիվանդությունը ախտորոշելուց հետո մեկ տարվա ընթացքում: Այնուհետեւ նրանք համեմատել են այդ տվյալները դիաբետ չունեցող 800 հազար մարդու օգտագործած դեղերի տվյալների հետ: Պարզվեց, որ դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնության անամնեզը ենթադրում էր պենիցիլինի, ցեֆալոսպորինի, խինոլոնի եւ/կամ մակրոլիդների առնվազն երկու կուրս: Եվ ինչքան շատ էր ընդունած հակաբիոտիկների քանակը, այդքան մեծ էր դիաբետի զարգացման հավանականությունը: Պենիցիլինի 5 եւ ավել կուրս անցած մարդու մոտ վտանգը մեծանում էր 23 տոկոսով, իսկ խինոլինի 5 եւ ավել կուրս անցած մարդկանց մոտ այդ վտանգն մի ամբողջ 37 տոկոսով ավելի հավանական էր դառնում:

Ընդ որում, ինչպես ցույց տվեց հետազոտությունը, հակավիրուսային եւ հակասնկային դեղորայքը դիաբետի զարգացման հավանականության վրա ոչ մի կերպ չէր ազդում:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, նրանց աշխատությունը հստակ չի մատնանշում, թե որն է հակաբիոտիկների՝ դիաբետի զարգացման հավանականության վրա ազդելու մեխանիզմը, սակայն հնարավոր է, որ դա կապված է այն փաստի հետ, որ հակաբիոտիկների ազդեցության պատճառով փոխվում է աղիքային միկրոֆլորան: Հեղինակների խոսքով՝ անհրաժեշտ են նոր հետազոտություններ՝ պարզելու համար, թե ինչպես են հակաբիոտիկները ազդում օրգանիզմի վրա եւ ինչու են դրանք դիաբետ առաջացնում: Սակայն նույնիսկ այժմ կարելի է պնդել, որ այս հետազոտությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, ինչքան կարեւոր է չնշանակել եւ չօգտագործել հակաբիոտիկներ առանց լուրջ պատճառների:



© NEWS.am Medicine