Որովայնի մկանները կարելի է զարգացնել հասարակ թելի օգնությամբ

13:37   3 ապրիլի, 2015

Գոտկատեղի շուրջ կապած հասարակ թելը կարող է օգնել մարդուն զարգացնել որովայնի մկանները եւ ազատվել որովայնի շրջանում ճարպային կուտակումներից առանց ծանր ֆիզիկական վարժություների, նշում է բրիտանական առաջատար ֆիզիոթերապեւտ Սեմմի Մարգոն:

Մասնագետը խորհուրդ է տալիս մոռանալ տարատեսակ վարժությունների եւ ցածր կալորիականությամբ սննդի մասին եւ գոտկատեղի շուրջ թել կապել, որը կհիշացնի որովայնի մկանները մշտապես ձիգ պահելու անհրաժեշտության մասին:

Արդյունքում ձեր որովայնի մկանները կաշխատեն 24 ժամ, այլ ոչ թե շաբաթական երկու-երեք անգամ, քանի որ այդպիսի «վարժությունը», ֆիզիոթերապեւտի խոսքով, նույնիսկ ավելի արդյունավետ է, քան մարզասրահ այցելելը: Սեմմին պնդում է, որ հասարակ այս մեթոդիկան օգնում է մարդկանց հասնել ցանկալի արդյունքների առանց հսկայական հոգեբանական եւ ֆիզիկական ջանքերի:

«Վերցրեք թելը, կապեք այն գոտկատեղի շուրջ», - նշում է Սեմմին: «Այնուհետեւ ֆիքսեք թելը կիսատ արտաշնչելու պահին, որպեսզի թելը ձիգ լինի: Թելի ճնշումը մշտապես հիշեցնելու է Ձեզ մկաններն աշխատեցնելու անհրաժեշտության մասին: Մկանները կաշխատեն ամբողջ օր՝ եւ քայլելու ընթացքում, եւ նստած դիրքում, եւ կանգնած, եւ տանը, եւ աշխատանքի վայրում: Աշխատեք թելը կապած պահել այնքան երկար, որքան հնարավոր է: Այն կապահովի ձիգ որովայնն ու կբարելավի կեցվածքը»:

Ֆիզիոթերապեւտները բազմիցս զգուշացրել են, որ կեցվածքի խնդիրները հանգեցնում են ողնաշարային հիվանդությունների: Կոր մեջք ունեցող մարդկանց մոտ որովայնը առաջ է գալիս, եւ նրանք շատ ավելի գեր են երեւում, քան իրականում կան: Ուղիղ մեջքը, մյուս կողմից, կօգնի մարդկանց 5 կգ ավելի նիհար երեւալ, ինչպես նաեւ ապրապնդել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Նոր Զելանդիայի մասնագետները վերջերս պարզել են, որ այն նաեւ բարձրացնում է տրամադրությունը:



© NEWS.am Medicine