Կանայք ավելի են հակված սեռավարակ ձեռք բերելուն, քան տղամարդի՞կ

22:37   4 ապրիլի, 2015

Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ կանայք իրենց ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով ավելի են հակված սեռավարակներ ձեռք բերելուն, քան տղամարդիկ: Արդյո՞ք դա այդպես է:

Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանի խոսքով` իրականում դա այդքան էլ այդպես չէ: Առնվազն, գոյություն չունի վիճակագրություն, որը կարող է հաստատել, որ կանայք ավելի հաճախ են վարակվում: Մասնագետի խոսքով՝ հիվանդի հետ կոնտակտի դեպքում վարակվելու հավանականությունը նույնն է և տղամարդու, և կնոջ համար:

Մյուս կողմից, բժշկի խոսքով, ամեն ինչ կախված է ինֆեկցիայի տեսակից: Որոշ ինֆեկցիաներ ավելի վարակիչ են, քան մնացածները, իսկ կան ինֆեկցիաներ, որոնք կարող են և չփոխանցվել:

Հարկ է նշել նաև, որ գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք փոխանցվում են նույնիսկ պաշտպանված սեռական ակտի ժամանակ: Հիմնականում դրանք մաշկային ինֆեկցիաներն են, որոնք փոխանցվում են մաշկը մաշկին կոնտակտի դեպքում:

Հիշեցնենք, որ այն տեսության կողմնակիցները, համաձայն որի կանայք ավելի հաճախ են սեռավարակներ ձեռք բերում, քան տղամարդիկ, ելնում են հետևյալ դրույթներից.

• Կնոջ հեշտոցը մուտք գործող սերմնահեղուկի քանակը շատ ավելի մեծ է, քան կնոջ հեշտոցի քսուկը, որի հետ առնչվում է տղամարդը: Հետևաբար, սերմնահեղուկի հետ կնոջ օրգանիզմ ավելի մեծ թվով վիրուսներ կամ բակտերիաներ են մուտք գործում:

• Հեշտոցի լորձաթաղանթի մակերեսը, որի միջոցով ինֆեկցիայի հարուցիչը հանգիստ կարող է մուտք գործել օրգանիզմ, ավելի մեծ է, քան առնանդամի գլխիկի մակերեսը:

• Սերմնահեղուկը կարող է մի քանի օր մնալ կնոջ օրգանիզմում՝ բարձրացնելով վարակվելու հավանականությունը, իսկ տղամարդու համար շատ ավելի հեշտ է համապատասխան պրոցեդուրաներ իրականացնել, որոնք զգալիորեն նվազեցնում են վտանգը:

Հարկ է հիշել, որ սեռավարակով կամ ՄԻԱՎ-ով կարող է վարակվել ցանկացած մարդ, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակներ օգտագործել, եթե բացակայում է համոզվածությունը, որ զուգընկերը առողջ է (իսկ այդպիսի համոզվածություն երբեք չի կարող լինել, նույնիսկ եթե զուգընկերը վերջերս է անալիզներ հանձնել):



© NEWS.am Medicine