Կենսաբանական ժամացույցի խափանումը կարող է վիժման հանգեցնել

23:49   6 ապրիլի, 2015

Կենսաբանական ժամացույցի խափանումը կարող է վիժելու պատճառ դառնալ: Այս եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները, համապատասխան հոդվածը լույս է տեսել Тhe Journal of the Federation of American Societies for Experimental Biology.

Գիտությանը վաղուց է հայտնի, որ կենսաբանական ժամացույցի (ցիրկադային ռիթմի) խափանումը, որը, օրինակ, կարող է գիշերային հերթափոխով աշխատելու արդյունք լինել, ազդում է կնոջ օրգանիզմի ֆերտիլության վրա: Սակայն այն, որ այն անմիջականորեն կարող է վիժման հանգեցնել, նորություն է: Գիտնականները ուսումնասիրել են հաճախակի վիժումներ ունեցած կանանց արգանդը եւ ստացել առաջին ապացույցներն այն բանի, որ կենսաբանական ժամի խափանումը առանձին վերցրած օրգանիզմում  կարող է վիժման պատճառ դառնալ:

Կենսաբանների խոսքով՝ էմբրիոնի նորմալ զարգացման համար անհրաժեշտ է կենսաբանական ժամացույցի եւ ցիրկադային ռիթմերի նորմալ աշխատանք: Եթե արգանդի ռիթմը խափանված է, այն սկսում է վանել պտուղը, ինչի արդյունքում վիժում կարող է տեղի ունենալ:

Գիտնականները պնդում են, որ իրենց հետազոտության արդյունքները կօգնեն արտարգանդային բեղմնավորմամբ զբաղվող մասնագետներին դրական արդյունքներ արձանագրել նմանատիպ խնդիրներով տառապող կանանց հետ աշխատելիս:



© NEWS.am Medicine