23:48 7 ապրիլի, 2015Կարմիր գինում պարունակվող նյութերն օգնում են նվազեցնել շաքարի պարունակությունը մետֆորմին (երկրորդ տիպի դիաբետի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը) օգտագործող դիաբետով տառապողների արյան մեջ: Այս բացահայտումն արել են Toronto General Hospital Research Institute-ի աշպատակիցները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature Medicine ամսագրում:
Հետազոտությունների ընթացքում գիտնականները ճարպակալմամբ եւ դիաբետով տառապող առնետների վրա փորձարկումներ են իրականացրել: Պարզվեց, որ մետֆորմինի եւ ռեսվերատրոլի համակցումը ակտիվացնում է աղիքայն համակարգում այն մոլեկուլները, որոնք ստիպում են աղիքային համակարգը, ուղեղն ու լյարդը նվազեցնել շաքարի պարունակությունը արյան մեջ:
Ռեսվերատրոլը կարմիր գինում, ընկուզեղենում, խաղողում եւ մի շարք այլ մրգերում պարունակվող նյութ է: Գիտությանն արդեն հայտնի է, որ այս նյութը կարող է շատ օգտակար լինել քաղցկեղի եւ բորբոքումների բուժման ժամանակ, սակայն, այն փաստը, որ այս նյութը կարող է օգնել նաեւ դիաբետի դեպքում, նորություն է:
Հետազոտության հեղինակ Ֆրենկ Դուկի խոսքով՝ երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց 80 տոկոսը տառապում է ճարպակալմամբ, ինչի հետեւանքով նրանց համար ավելի դժվար է վերահսկել շաքարի պարունակության մակարդակն արյան մեջ: Գիտնականը հույս է հայտնում, որ տվյալ հետազոտությունը կարող է օգնել ավելի արդյունավետ դեղորայք ընտրել հիվանդության դեմ պայքարելու համար: