Ֆրանսիական պանիրները պաշտպանու՞մ են սրտի առողջությունը

11:01   12 ապրիլի, 2015

Ֆրանսիական պանիրները՝ Բրին, Կամամբերն ու Ռոքֆորը, շատ օգտակար են սրտի առողջության համար: Դրանք կարգավորում են խոլեստերինի պարունակության մակարդակն արյան մեջ եւ օգնում են կանխարգելել սրտի կաթվածը, պնդում են Aarhus University-ի (Դանիա) մասնագետները:

Գիտնականներին միշտ զարմացրել է այն, որ ֆրանսիացիների մոտ սրտի կաթվածները շատ հազվադեպ են՝ չնայած նրան, որ վերջիններս յուղոտ սննդի սիրահար են: Գիտնականների մի մասը այն կարծիքին էր, որ պատճառը գինու մշտական օգտագործումն է, բայց, պարզվում է, սրտի ամուր առողջությամբ ֆրանսիացիները պարտական են ոչ թե գինու, այլ պանիրի արտադրողներին:

Գիտնականները համեմատել են 15 առողջ տղամարդու մեզի եւ կղանքի անալիզի արդյունքները եւ պարզել, որ այն մարդկանց օրգանիզմում, որոնք պանրի սիրահար են, ավելի բարձր է բուտիրատների մակարդակը: Նշենք, որ բուտիրատները աղիքային բակտերիաների կողմից արտադրվող նյութեր են, որոնք կարգավորում են խոլեստերինի պարունակության մակարդկան արյան մեջ: Ավելին՝ պանիր ուտելու դեպքում նյութափոխանակությունն այլ կերպ է ընթանում, քան մնացած կաթնամթերքի՝ օրինակ, կաթի կամ կարագի:

Սակայն, մասնագետների խոսքով, պետք են նոր հետազոտություններ՝ պարզելու համար խոլեստերինի եւ պանրի միջեւ եղած կապի մեխանիզմները: Իսկ քանի դեռ այդ կապի էությունը բացահայտված չէ, մասնագետները խորհուրդ են տալիս ներառել պանիրը ամենօրյա սննդակարգում, քանի որ վերջինս նաեւ 23 տոկոսով նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը:

Հետազոտությունն արտացոլող հոդվածը լույս է տեսել Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:



© NEWS.am Medicine