22:47 16 ապրիլի, 2015Հղիների 10 տոկոսը ծխում է, իսկ 20 տոկոսը՝ ալկոհոլ օգտագործում: Ընդ որում՝ նրանց մեծ մասը համոզված է, որ այդ ապրելակերպը ապագա երեխային ոչ մի կերպ չի վնասում: Անմխիթար այս եզրակացության են եկել բրիտանացի սոցիոլոգները, որոնք հարցում են անցկացրել մի քանի 100 կանանց շրջանում, որոնք կամ հղի էին կամ ծննդաբերել էին վերջին 18 ամսվա ընթացքում:
Հարցումը ցույց տվեց, որ ամեն 5-րդ ապագա մայրը ալկոհոլ է օգտագործում, ընդ որում՝ այդ կանանց կեսը համոզված է, որ ալկոհոլը վնասակար չէ, եթե այն չի չարաշահվում, իսկ մյուս կեսը, առհասարակ, համոզված է, որ կարելի է նաև հանգիստ հարբել, քանի որ դա ևս վնասակար չէ:
Հղիների մյուս 10 տոկոսն էլ այն կարծիքին է, որ հղիության ընթացքում ծխելը վտանգավոր չէ, իսկ հղի կանանց գրեթե կեսը (44 տոկոս) օրական ավելի շատ կոֆեին է օգտագործում, քան խորհուրդ են տալիս բժիշկները: Հղիների 32 տոկոսն էլ այնպիսի սննդամթերք է օգտագործում, որը սովորաբար հակացուցված է հղիության ընթացքում (օրինակ, մսի և պանրի որոշ տեսակներ, ոչ պաստերացված կաթ և այլն):
Իրենց վարքագիծը կանայք բացատրում են նրանով, որ, իրենց խորին համոզմամբ, այս ամենը ոչ մի կերպ չի անդրադառնում պտղի վրա: Ընդ որում՝ հղի կանանց 91 տոկոսը զգում է, որ շրջապատը չի ողջունում իրենց այդ սովորույթները:
Հիշեցնենք, որ հղիության ընթացքում կինը պետք է ուշադիր լինի իր վարքագծի նկատմամբ՝ պտղին վնաս չպատճառելու համար: Պետք է բացառել ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է փոխանցվել պտղին և ազդել նրա զարգացման վրա: Ծխելը (ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ) հղիներին ևս հակացուցված է, քանի որ վտանգ է ներկայացնում փոքրիկի սրտի աշխատանքի համար:Բացի այդ՝ ծխախոտը նաև բացասաբար է անդրադառնում պտղի ուղեղի վրա:
Իսկ ահա հղիության ընթացքում կոֆեինի չարաշահման հետևանք կարող է լինել նորածինների քաշի պակասը: Հղիներին խորհուրդ է տրվում օրական օգտագործել 200 մգ, ինչը մոտավորապես երկու բաժակ սուրճ է կազմում: