Հայաստանում այս պահին կա 282 հեմոֆիլիայով հիվանդ

13:34   17 ապրիլի, 2015

Հայաստանի առողջապահության նախարարության պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ռեգիստրում հաշվառված է 282 հեմոֆիլիայով  հիվանդ, որոնցից 82-ը` մինչեւ 18 տարեկան երեխաներն են: Այս մասին այսօր, Հեմոֆիլիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։

Ըստ նրա, տարեկան Հայաստանում գրանցվում է արյան մակարդելիության խանգարման 20 նոր դեպք, դրանցից 10–ի մոտ ախտորոշվում է հեմոֆիլիա։

Եթե 10 տարի առաջ Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդների կյանքի տեողության միջին տարիքը կազմում էր 28 տարեկան, ապա այսօր բուժման ժամանակակից եղանակների կիրառման շնորհիվ այն արդեն կազմում է 40-45 տարեկան։

Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ (10 000 տղամարդուց մեկը): Կանայք հեմոֆիլիայով սովորաբար չեն հիվանդանում, սակայն գենի կրող են հանդիսանում եւ կարող են հիվանդ որդիներ եւ հեմոֆիլիայի գեների կրող դուստրեր լույս աշխարհ բերել:

Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով եւ փոխանցվում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ: 

Հիվանդությունը կլինիկորեն դրսեւորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով  հոդերում, մկանային բունոցներում եւ օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում են հոդերի  քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում հաշմանդամության:

Ըստ էության, այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձեւերը բուժման ենթակա են: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները,  ներհոդային եւ մկանային արյունազեղումները եւ կանխել   հաշմանդամությունը:



© NEWS.am Medicine