12 տղաների մայրը 13-րդ որդուն է լույս աշխարհ բերել

12:57   15 մայիսի, 2015

Կատերի ու Ջեյ Շվանդտները ԱՄՆ Իլինոյս նահանգից արդեն 12 որդի ունեն, սակայն վերջերս Կատերին լույս աշխարհ բերեց նաեւ 13-րդին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ընտանիքի հայր 40-ամյա Ջեյը:

Ամերիկացի այս զարմանալի զույգի առաջնեկը այժմ 23 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ մի քանի օրական: Հատկանշական է, որ բոլոր հղիությունների ընթացքում զույգը երբեք չի հետաքրքրվել ապագա երեխայի սեռով, եւ նրանց ամեն անգամ անակնկալ էր սպասում՝ եւս մեկ որդի: Այժմ, իհարկե, զույգը երազում է աղջիկ ունենալու մասին:

«Մենք ուզում ենք տղաներին նաեւ քույրիկ պարգեւել», - նշեց բազմազավակ հայրը լրագրողների հետ զրույցում:

Կատերին եւս մեծացել է բազմազավակ ընտանիքում: Նա 13 եղբայր է ունեցել, եւ այդ պատճառով շատ լավ գիտի, ինչպես լեզու գտնել իր բոլոր որդիների հետ: Իսկ ահա ընտանիքի հայրը այս առումով երբեմն խնդիրներ էր ունենում: «Այնպիսի տպավորություն է, որ մշտապես գտնվում ես սպորտային հանդերձարանում, որտեղ բոլորը աղմկում են, գոռում եւ փորձում սադրել միմյանց», - համեմատեց Ջեյը:

Այժմ բազմազավակ հայրը ուզում է իմանալ, ինչ զգացում է դա՝ լինել աղջկա հայր: «Դա, երեւի թե, ցնցող է: Միայն պատկերացրեք, բոլորը շատ կսիրեն նրան, իսկ ավագ եղբայրները միշտ կպաշտպանեն», - նշեց Շվանդտը:

Իսկ առայժմ առաջնեկը՝ 23-ամյա Թայը, մեծ հաճույքով հոգ է տանում փոքր եղբայրների մասին: Պատանու խոսքերով՝ նա ուրախ է այդպիսի մեծ ընտանիքի անդամ լինել, եւ փոքրերի համար պատասխանատվությունը նրան ավելի լուրջ է դարձնում:

«Մոտ ապագայում մենք կսկսենք ջանքեր գործադրել՝ դուստր ունենալու համար, իսկ եթե կրկին տղա ծնվի, ոչինչ, կստացվի մյուս անգամ», - նշեց բազմազավակ հայրը: 



© NEWS.am Medicine