ՄԻԱՎ-ը մահվան դատավճիռ չէ. պատմում է ՄԻԱՎ վարակակիր դեռահասը

11:43   27 մայիսի, 2015

Յանա Պանֆիլովան ընդամենը 10 տարեկան էր, երբ մի այնպիսի նորություն լսեց, որը կանխորոշեց նրա հետագա կյանքը. նա ՄԻԱՎ ուներ: Այդ օրվանից անցել է 10 տարի, եւ աղջիկը այժմ պոզիտիվ ու խիզախ երիտասարդ է, որը պատրաստ է պատմել իր կյանքի, իր փորձի մասին եւ օգնել նույն ախտորոշմամբ այլ դեռահասներին:

Ինչպես Յանան պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, երբ նա մայրիկից իմացավ իր ախտորոշման մասին, նրա առաջին արձագանքն էր՝ «Ուրեմն ես կմահանա՞մ»: Սակայն մայրը բացատրեց աղջկան, որ այս ախտորոշմամբ կարելի է ապրել երկար ու լիարժեք կյանքով, եթե, իհարկե, լինի համապատասխան անընդհատ բուժում:

Այժմ Յանան 17 տարեկան է, եւ ապրում է հասարակ դեռահասի կյանքով՝ երաժշտություն է լսում, թենիս խաղում, սովորում: Նա պլանավորում է սոցիալական աշխատակից դառնալ՝ ՄԻԱՎ այլ վարակակիրներին օգնելու համար: Միակ տարբերությունն այն է, որ նա օրական երկու անգամ դեղ է ընդունում եւ երեք ամիսը մեկ անալիզներ հանձնում: Դա, սակայն, ոչ մի կերպ չի վատթարացնում նրա կյանքը, քանի որ աղջիկը հասկանում է, որ դեղեր է ընդունում առողջ լինելու եւ ապրելու համար:

«Ես խմում եմ դեղեր, որպեսզի շարունակեմ ապրել, զարգանալ, ոգեշնչվել եւ ստեղծագործել», - նշեց Յանան:

Այս մտածելակերպը Յանան փորձում է փոխանցել նաեւ նույն ախտորոշումն ունեցող այլ դեռահասներին: ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, կյանքի ավարտ չէ: Պետք է ընդամենը ընդունել բոլոր նշանակած դեղերը: Վերջին այս հանգամանքի հետ ՄԻԱՎ շատ վարակակիրների մոտ խնդիրներ են ի հայտ գալիս, քանի որ նրանք բավականաչափ տեղեկացված չեն հիվանդության մասին, չգիտեն՝ ինչ է ՄԻԱՎ-ը եւ ինչ է ՁԻԱՀ-ը: Այդ պատճառով շատերը թողնում են բուժումը, ինչի հետեւանքով շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Օրգանիզմը կայունություն է ձեռք բերում դեղերի նկատմամբ, իսկ վիրուսային ծանրաբեռնվածությունն աճում է՝ ավելի հավանական դարձնելով այլ մարդկանց վարակումը:

Վերջերս Յանան Հայաստան է ժամանել՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի՝ ՄԻԱՎ-ի հայտնաբերման մատչելիության  բարձրացման հարցերով երեքօրյա տարածաշրջանային խորհրդակցությանը մասնակցելու համար : Նա նաեւ հանդիպել է ՄԻԱՎ վարակակիր հայ դեռահասների եւ չափահասների հետ:

NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում Յանան պատմեց, թե ինչպես իմացավ իր կարգավիճակի մասին, ինչպես է ապրում այս ախտորոշմամբ, ինչ պլաններ ունի ապագայի հետ կապված: Նա պատմեց նաեւ այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում են ՄԻԱՎ վարակակիր դեռահասները: Դիտեք տեսանյութը: 



© NEWS.am Medicine