Մարիխուանան հղիության ընթացքում կարող է վնասել երեխայի ուղեղին

11:17   28 հունվարի, 2014

Հղիության ընթացքում մարիխուանա ծխելը կարող է հանգեցնել պտղի ուղեղի վնասման, ցույց է տալիս մկների եւ մարդկային սաղմի ուղեղային հյուսվածքի  վրա իրականացված  նոր հետազոտությունը:

Գիտնականները բացահայտել են, որ  THC  (դելտա 9- տետրահիդրոկանաբիոլը) խոչընդոտում է նյարդային բջիջների միջեւ կապերի ձեւավորմանը գլխուղեղի կեղեւի այն հատվածում, որը պատասխանատու է մտածողության բարձրագույն հմտությունների  եւ հիշողության ձեւավորման համար:

«Մենք խորհուրդ ենք տալիս հղի կանանաց խուսափել  մարիխուանայից»,-  ասել է հետազոտության ղեկավար,  Շվեդիայի Կարոլինյան համալսարանի եւ Ավստրիայի Վիեննայի բժշկական համալսարանի նյարդաբան Տիբոր Հարկանին:

Հարկանին ավելացրել է, որ մարիխուանայի պերինատալ ազդեցությունը կարող է նաեւ շարունակվել հասուն կյանքի ընթացքում:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարիխուանայի ազդեցությունը հղիության ժամանակ կարող է մեծացնել երեխայի մոտ ճանաչողական շեղումների եւ հոգեկան խանգարումների ռիսկը, տեղեկացնում է Fox News-ը։ 

Մանկածնական տարիքի ավելի մեծ քանակությամբ կանայք օգտագործում են մարիխուանա, եւ այս խումբը պետք է տեղեկացված լինի իրենց երեխաների ուղեղի զարգացման վրա հնարավոր ազդեցության մասին, ասաց Նյու Յորքի Մաունտ Սինայ հիվանդանոցի նյարդաբան Յասմին Հերդը:

Հարկանին եւ նրա գործընկերները չեն ուսումնասիրել մարիխուանայի ազդեցությունը մինչեւ հղիությունը, բայց նա ասել է, որ այն դուրս է բերվում օրգանիզմից օրերի, այլ ոչ թե ամիսների ընթացքում, եւ նրա օգտագործումը մինչեւ բեղմնավորումը ավելի շուտ կարող է ազդել բեղմնավորման հավանականության վրա, այլ ոչ թե պտղի վրա:



© NEWS.am Medicine