4 հետաքրքիր փաստ մեջքի ցավերի մասին

16:49   22 հունիսի, 2015

Մարդկանց 80-90 տոկոսը կյանքի այս կամ այն փուլում բախվում է մեջքի ցավի հետ: Այս ցավերը ստիպում են շատերին դիմել բժշկի եւ մեծ գումարներ ծախսել բուժման վրա:

Ողնաշարի առողջության մասնագետներ Թերեզա Դյուզն ու Թոդ Ֆրենսիսը Քլիվլենդի կլինիկայից մի քանի հետաքրքիր փաստ կներկայացնեն մեջքի ցավերի մասին:

 

1. Ձգվեք քնելուց առաջ, դա կթեթեւացնի մեջքի ցավերը

Եթե Դուք առավոտյան մեջքի ցավեր ունեք, փորձեք քնելուց առաջ մեջքի մկանները ձգող մի քանի վարժություն անել: Օրինակ, պառկեք մեջքի վրա եւ ծնկները բարձրացրեք մինչեւ կրծքավանդակը: Կամ էլ արեք նույնը՝ աթոռի վրա նստած:

2. Մեջքի ցավերի պատճառ կարող են այլ խնդիրներ լինել

Մեջքի ցավերը կարող են պայմանավորված լինել տարբեր խնդիրներով՝ ճողվածքից մինչեւ արթրիտ: Հավանական պատճառներից են նաեւ մկանների դեֆորմացիան, ինֆեկցիան եւ նույնիսկ քաղցկեղը:

3. Մի շտապեք վիրահատել մեջքը

Մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել վիրահատվել, քանի որ շատ հաճախ մեջքի ցավերն անցնում են նաեւ կոնսերվատիվ բուժումից հետո, իսկ վիրահատությունն էլ ոչ միշտ է թեթեւացնում ցավը: Վիրահատության մասին պետք է մտածել միայն այն ժամանակ, երբ մնացած բոլոր մեթոդներն արդյունավետ չեն, իսկ ցավը խանգարում է առօրյա կյանքում:

4. Կենսակերպի փոփոխությունները կարող են թեթեւացնել մեջքի ցավը

Թողեք ծխելը, կանոնավոր քնեք, շատ շարժվեք, ճիշտ սնվեք եւ փորձեք խուսափել սթրեսներից: Այս ամենը թույլ կտա մեղմել ցավը եւ դրական կանդրադառնա Ձեր առողջության վրա:

 

 

 



© NEWS.am Medicine