11:51 26 հունիսի, 2015Դաշտանադադարի տարիքին դեռեւս չհասած տարիքի ծխող կանայք ավելի հաճախ են մահանում կրծքագեղձի քաղցկեղից երիտասարդ տարիքում, զգուշացնում են Tohoku University գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել է 848 պացիենտ, որոնք 1997-2007 թվականների ընթացքում բուժվել են ճապոնական հոսպիտալներում: Գիտնականները սկզբում պարզել են, ծխում են արդյոք կանայք, իսկ այնուհետեւ հետեւում էին նրանց առողջությանը մինչեւ 2010 թվականը:
Գիտնականները պարզել են, որ դաշտանադադարի տարիքի չհասած կանայք, որոնք ծխում էին 21.5 տարվա ընթացքում, ավելի քան երեք անգամ ավելի հաճախ էին մահանում տարբեր պատճառներով, եւ 3-4 անգամ ավելի հաճախ էին հեռանում կյանքից կրծքագեղձի քաղցկեղի հետեւանքով: Նման կապ չէր գրանցվել դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց շրջանում, նրանց մոտ ռիսկերն առանձնակի չէին տարբերվում: Վաղաժամ մահվան հավանականությունն առավել նկատելի է երիտասարդ կանանց շրջանում, որոնց ուռուցքները ախտահարել են միանգամից էստրոգենի ու պրոգեստերոնի ռեցեպտորները, ինչպես նշում են գիտնականները:
«Ընդհանուր առմամբ, մեր աշխատությունը անմիջական խորհուրդ է տալիս ծխող կանանց, - նշում են հետազոտողները, - Հույս ունենք, որ մեր ստացած տվյալները կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Մարդիկ պետք է հրաժարվեն ծխախոտից, եթե ցանկանում են մահանալ ծերությունից»:
Հիշեցնենք, որ բազմաթիվ զարգացած երկրներում թոքերի քաղցկեղը դարձել է կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունը՝ շրջանցելով կրծքագեղձի քաղցկեղը, ինչն իր հերթին կապված է 1960-70-ական թվականներին ի հայտ եկած ծխելու մոդայի հետ:
Հետազոտության արդյունքները լույս են տեսել Cancer Science ամսագրում: