17:39 31 հունվարի, 2014Թոքային զարկերակային գերճնշման բուժման նոր դեղամիջոցը ավելի քիչ թվով հիվանդների մոտ է առաջացնում կողմնակի ազդեցություններ, եւ այն պետք է օրական ընդամենը մեկ անգամ ընդունել, ցույց է տվել հետազոտությունը:
Դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության ամերիկյան կազմակերպությունը (FDA) վերջերս հաստատել է Actelion շվեյցարական դեղագործական ընկերության macitentan (Opsumit ®) դեղամիջոցը։
Այն հաստատվել է 10 մգ դեղաչափով, որը 36 ամիս շարունակ հետազոտվել է բազմակենտրոն կլինիկական հետազոտությունների ընթացքում, իսկ արդյունքները հրապարկվել են New England Journal of Medicine ամսագրում:
«Նոր դեղամիջոցը չի առաջացնում մյուս դեղերին բնորոշ կողմնակի ազդեցությունները՝ թոքի այտուց եւ որոշ հիվանդների մոտ լյարդի վնասման ռիսկ»,- ասում է Քլիվլենդի կլինիկայի անոթային թոքաբանության ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ռայեդ Դուեյկը:
Macitentan-ը պաշարում է օրգանիզմի արյունատար անոթները կծկող եւ զարկերակային ճնշումը բարձրացնող էնդոթելինի բացասական կողմնակի ազդեցությունները:
Թեպետ էնդոթելինը մարդկային օրգանիզմում արտադրվող բնական նյութ է, այնուամենայնիվ, օրգանիզմը այն կարող է չափից շատ արտադրել ի պատասխան բարձր զարկերակային ճնշմանը եւ խոլեստերինի բարձր մակարդակին: