Պասիվ ծխելը 30 տոկոսով ավելի հավանական է դարձնում ինսուլտը

15:36   11 հուլիսի, 2015

 Պասիվ ծխելը 30 տոկոսով ավելի հավական է դարձնում ինսուլտը, հայտնում են Medical University of South Carolina-ի գիտնականները:

Մասնագետների խոսքով՝  ԱՄՆ-ում տեղի ունեցած ավելի քան 800 000 ինսուլտի պատճառը հենց պասիվ ծխելն է: Իսկ ինսուլտն էլ մահացության ու հաշմանդամության ամենատարածված պատճառներից է:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Reasons for Geographic and Racial Differences in Stroke (REGARDS) հետազոտությանը մասնակցած 22 հազար պացիենտների տվյալները: Պարզվեց, որ պասիվ ծխելը իսկապես կարող է ինսուլտը երեսուն տոկոսով ավելի հավանական դարձնել, եթե նույնիսկ հաշվի առնենք մնացած բոլոր ռիսկերը՝ բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, սրտի հիվանդությունները եւ այլն:

Բժիշկ Անգելա Մալեկը վերոնշյալ համալսարանից նշեց, որ այս բացահայտումը խոսում է ծխելը սահմանափակող օրենքները խստացնելու անհրաժեշտության մասին, ինչը կարող է զերծ պահել չծխող մարդկանց պասիվ ծխող դառնալուց:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել American Journal of Preventive Medicine ամսագրում: 



© NEWS.am Medicine