Ծառ բարձրանալը ամրապնդում է հիշողությունը

20:39   3 օգոստոսի, 2015

Ծառ բարձրանալը միլիոնավոր երեխաների՝ ժամանակն անցկացնելու սիրած ձեւն է եւ, այն, ինչպես պարզեցին ամերիկյան գիտնականները, նկատելիորեն ամրապնդում է հիշողությունը: 

Խոսքը գնում է աշխատանքային հիշողության մասին՝ հիշողության տեսակ, որը մենք օգտագործում ենք ամեն օր հեռախոսահամարներ եւ այլ առօրա տվյալները մտապահելու համար: Հետազոտությունները ցույց են տալիսմ որ ծառ բարձրանալը կամ ոտաբոբիկ վազելը 50 տոկոսով բարելավում է աշխատանքային հիշողությունը:

Այն մարդկանց համար, ում ակտիվ կենսակերպի այս տեսակը շատ դժվար է թվում, ուրախալի լուր կա: Ծառ բարձրանալը կարելի է փոխարինել թենիս կամ ֆուտբոլ խաղալով, որոնք նույն ազդեցությունն ունեն: Թիմային այս խաղերը եւս ուղեղի պահանջում են լայնածավալ ինֆորմացիա կուտակել ամեն ինչի մասին՝ հավասրակշռության պահպանումից սկսած՝ մինչեւ կողմնորոշում տարածության մեջ:

Հյուսիսային Ֆլորիդայի հետազոտողները խնդրել են 72 կամավորի՝ 18-59 տարեկան թեստեր անցնել աշխատանքային հիշողությունը չափելու համար: Նրանք պետք է մի շարք թվեր հիշեին: Դրանից հետո նրանց մի մասը երկու ժամ անցկացրել է ծառ բարձրանալիս, ոտաբոբիկ վազելիս կամ ֆուտբոլ խաղալիս: Մնացածները յոգայով էին զբաղվում, դասախոսություններ կամ պարզապես երաժշտություն լսում: Այնուհետեւ եւս մեկ անգամ թեստ են անցկացրել աշխատանքային հիշողության ծավալը որոշելու համար եւ առաջին խմբի կամավորները ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին: 



© NEWS.am Medicine