Դիալիզի փոքրիկ, էժան և արդյունավետ սարքը, որի հեղինակը մոնռեալցի Անի Փողարյանն է, միջազգային ուշադրության է արժանացել: Այդ մասին հաղորդում է «CBC»-ն:
«Հնդկաստանից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Հարավային Ամերիկայից, ամեն տեղից հաղորդագրություններ եմ ստանում»,– ասում է Փողարյանը, որը 17 տարեկանում է ստեղծել այդ սարքը: Կանադայի բոլոր ծայրերից հիվանդները գրում են նրան` շնորհավորելով և հաջողություն մաղթելով: Իսկ Օնտարիոյից մի բժշկական ընկերություն առաջարկել է հովանավորել նրան և ֆիլտրեր տրամադրել:
Այս պատմությունը, որը նախկինում լայնորեն լուսաբանվել էր լրատվամիջոցներով, միջազգային ուշադրության է արժանացել, ինչը կնոջը մղել է անցնելու հաջորդ մակարդակ: Իր իսկ խոսքով, ինքն առանց ձեռքերը ծալելու աշխատում է, որպեսզի բարելավի իր սարքը, որը մոտ 500 դոլար արժե: Ներկայումս դիալիզի սարքերն արժեն մոտ 30 հազար դոլար:
Ոչ առևտրական «Հեմա Քվեբեկ ընկերությունը, որն այդ նահանգում կառավարում է արյունով եւ հյուսվածքներով ապահովման ոլորտը», գյուտարար աղջկան ստաժավորում է առաջարկել` նրան թույլ տալով իսկական արյան վրա փորձարկել իր սարքի նախատիպը: Փողարյանն ու իր թիմը հույս ունեին, որ սարքը երկուս ու կես ժամվա ընթացքում չորս լիտր արյուն կֆիլտրի, բայց սարքը դա արեց ընդամենը 25 րոպեի ընթացքում:
Անի Փողարյանի խոսքով, սարքի արդյունավետությունը, պարզությունը և փոքր չափերը այն իդեալական են դարձնում զարգացող երկրներում և աղետի վայրերում գործածելու համար: Մի հիվանդ նշել է, որ այդ գյուտը հեղափոխական կլինի հիվանդների կյանքում: Հենց դրա հույսն էլ ունի գյուտարար կինը: Փողարյանն ակնկալում է, որ դիալիզի իր սարքը շուկայում կհայտնվի մի քանի տարուց: