Երիտասարդ ամուսնական զույգերի մեծամասնությունը ուռուցքային կամ սոմատիկ այլ ծանր հիվանդություններից բուժման ընթացակարգ անցնելուց հետո կորցնում է երեխա ունենալու կարողությունը: Բայց ժամանակակից տեխնոլոգիաները զույգերին հնարավորություն են տալիս չկորցնել բեղունությունը եւ հիվանդությունից ապաքինվելուց հետո երեխա ունենալ: Այդ տեխնոլոգիաների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Ռուսաստանի Ժողովուրդների Բարեկամության Համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, «Փորձանոթի երեխաներ» կլինիկայի ղեկավար Էմմա Վարդանյանը:
Որպես ամբողջ աշխարհում բեղունության պահպանման ամենատարածված միջոցներից մեկը, մասնագետը նշել է հյուսվածքների, գենետիկական նյութի եւ գամետաների (ձվաբջիջների եւ սպերմատոզոիդների) սառեցումը: Իհարկե, դա պետք է անել բեղունության վրա ազդող բուժումը սկսելուց առաջ: Իսկ բուժվելուց եւ առողջանալուց հետո հիվանդները կկարողանան օգտագործել պահպանված նյութը՝ ձվարանի հյուսվածքները, ձվաբջիջներն ու սպերմատոզոիդներն ու սեփական երեխաներն ունենալ:
«Նախկինում մարդիկ չգիտեին այդ հնարավորությունների մասին եւ քիմիաթերապիայից, սոմատիկ ծանր հիվանդություններից ու վիրաբուժական միջամտություններից հետո կորցնում էին իրենց վերականգնողական գործառույթները եւ այլեւս չէին կարողանում երեխա ունենալ: Բայց այժմ բջիջների արագ սառեցումը կարող է ամուսնական զույգի վերարտադրողական գործառույթների հետ կապված խնդիրների լուծման միջոց լինել»,- ասել է մասնագետը:
Սակայն պահպանված ամբողջ նյութը կարո՞ղ է օգտագործման համար պիտանի լինել:
Գինեկոլոգի խոսքով, եթե սառեցվում է հյուսվածքը (օրինակ՝ ձվարաններինը), չի կարելի միանշանակորեն կանխատեսել արդյունքը. այն կարող է չարմատակալել, օրգանիզմը կարող է պատվաստելիս վանել այն: Իսկ ձվաբջիջները, սպերմատոզոիդները եւ էմբրիոնները շատ արդյունավետ կերպով սառեցվում եւ հալեցվում են ու հետագայում, հավանականության մեծ տոկոսով, հղիության են հանգեցնում:
Էմմա Վարդանյանը հույս ունի, որ շուտով բեղունության պահպանման բոլոր պրոցեդուրաները, որոնք լավ արդյունք են տալիս այլ երկրներում, կներդրվեն նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որտեղ մասնագետն աշխատում է, այնտեղ արդեն 7 տարի է՝ էմբրիոններ են սառեցնում, սպերմատոզոիդներ սառեցնում էին շատ վաղուց եւ արդեն 5 տարի կլինի, որ սկսել են հյուսվածքներ սառեցնել: Վերջին 2-3 տարվա ընթացքում սկսել են ավելի ակտիվորեն օգտագործել այդ տեխնոլոգիան: