Առաջատար մասնագետները քննարկում են կրծքի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները

11:53   4 սեպտեմբերի, 2015

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունն աճում է ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Բայց կա նաեւ դրական միտում. այս հիվանդությունից մահացությունը նվազում է, ու դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է վաղ ախտորոշումով ու բուժման ժամանակակից մեթոդներով: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը ՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման հենց ժամանակակից ու վիրահատական բուժումն է այսօր ՝ սեպտեմբերի 4-ին, քննարկվելու Կրծքագեղձի քաղցկեղի երկրորդ աշնանային միջազգային սիմպոզիումում:

Սիմպոզիումի շրջանակում Հայաստան են ժամանել մասնագետներ եվրոպական առաջատար կլինիկաներից. այսպես կոչված «պրոֆեսորշիփների» ընթացքում նրանք հայ մասնագետներին կպատմեն այն մոտեցումների մասին, որոնք կիրառվում են իրենց կլինիկաներում ու կփոխանցեն այս ոլորտում իրենց կուտակած փորձը:

Սիմպոզիումի հյուրերից մեկը ՝ պրոֆեսոր Ռայմունդ Ջաքեզը՝ Վիեննայի բժշկական համալսարանից, ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավարն է: Նա կպատմի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ կուրծքը պահպանելու հնարավորության, նաեւ նախավիրահատական թերապիայից հետո վիրահատություն անելու մասին:

Սիմպոզիումի մեկ այլ հետաքրքիր հյուր է հայտնի ուռուցքաբան ու Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Գ. Շտեգերը, ով կպատմի կրծքի քաղցկեղի HER-2 դրական ու Luminal B տեսակների բուժման ժամանակակից մոտեցումների մասին:

 NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսորներ Ռայմունդ Ջաքեզը ու Գյունտեր Գ. Շտեգերը նշեցին, որ հույս ունեն սիմպոզիումի ժամանակ հայ մասնագետներին փոխանցել իրենց գիտելիքները, նաեւ ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչ մակարդակում է գտնվում կրծքի քաղցկեղի բուժումը Հայաստանում, ինչ մոտեցումներ են կիրառվում ու արդյոք դրանք տարբերվում են եվրոպական մոտեցումներից:

Նաեւ սիմպոզիումին կմասնակցեն Europa Donna Armenia-ի ներկայացուցիչները ՝ այս հայկական ասոցիացիան միավորում է կրծքագեղձի քաղցկեղ ունեցած կանանց: Ասոցացիան ստեղծվել է այս տարի ու ներկայացուցիչը կպատմի այն աշխատանքների մասին, որոնք իրենք հասցրել են անել այս մեկ տարվա ընթացքում:

 



© NEWS.am Medicine