17:22 7 սեպտեմբերի, 2015Դպրոցականները, հատկապես ցածր դասարաններում սովորողները, որքա՞ն երկար կարող են նստել նստարանի առաջ: Այս հարցի շուրջ իր դատողություններն է մեզ ներկայացրել բժիշկ օրթոպեդ Արարատ նազարյանը:
Մասնագետի խոսքով ՝ 30-45 րոպեն այն օպտիմալ ժամանակն է, որի ընթացքում երեխան չի հասցնի հոգնել: Բարեբախտաբար Հայաստանի դպրոցներում դասերը հենց այսքան են տեւում: Ճիշտ է, առաջին դասարանցիների համար բավականին բարդ է 45 րոպե նստելը, դրա համար էլ խորհուրդ է տրվում հինգ րոպեանոց ընդմիջումներ անել դասաժամի ընթացքոմ ու մի փոքր շարժվել ՝ սա օգտակար կլինի եւ կեցվածքի, եւ ուղեղի աշխատանքի համար:
Մասնագետը խորհուրդ է տալիս ծնողներին տանը նույնպես երեխաներին չստիպել երկար ժամանակ դաս անել, թող երեխան սովորի 30-35 րոպե, հետո վեր կենա, շարժվի, իսկ հետո անհրաժեշտության դեպքում ՝ վերադառնա դասերին: Այդ նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ համակարգչին, համակարգչի առջեւ 30 րոպեից ավել երեխաներին խորհուրդ չի տրվում նստել:
Արարատ Նազարյանը նաեւ նշեց, որ ծոնղները ու ուսուցիչնեը պետք է սկզբնական շրջանում ուշադիր հետեւեն, որ երեխան նստի ճիշտ եւ ուղիղ: Հետո ճիշտ կեցվածքն արդեն սովորություն կդառնա: Աթոռն ու սեղանը պետք է այնպես տեղադրված լինեն, որ երեխայի ձեռքը դաստակից մինչեւ արմունկ հանգիստ տեղավորվի սեղանին, իսկ մեջքն էլ ուղիղ լինի, հակառակ դեպքում կա մկանային անհավասարակշռության զարգացման վտանգ, որը կարող է հանգեցնել վատ կեցվածքի ու կուզության:
Երեխայի համար ցանկալի է ընտրել ոչ կոշտ աթոռ, կոշտ փայտյա աթոռի վրա նստելն ավելի բարդ է ու հավանաբար կազդի նաեւ երեխայի ոսկրամկանային համակարգի վրա: