«Սրտաբանների բանակը» հավաքվել է Հայաստանում ՝ եվրակովկասյան համաժողովում (ֆոտո)

18:40   11 սեպտեմբերի, 2015

Հայաստանի ուժը ոչ թե փողն է կամ նավթը, այլ մտավորականներն ու լավ մասնագետները. Հայաստանում կա սրտաբանների հզորագույն բանակ ու ուժեղ դպրոց, որի հիմքը դրել են սփյուռքահայերը: Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովի բացման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մեր հայրենակիցները, որոնք կայացել են աշխարհի տարբեր երկրներում, մեր որակյալ մասնագետները ամբողջ աշխարհին ցույց են տալիս, թե ովքեր են հայերը: Ցեղասպանության 100 –րդ տարելիցին մենք ապացուցեցինք աշխարհին, որ այսօրվա հայերն արդեն այն սոված ու ծեծված ժողովուրդը չեն՝ 20-րդ դարից: 21-րդ դարի հայերը կազմակերպված, ուժեղ, խելացի մարդիկ են, ովքեր կարողանում են համախմբվել հայրենիքի շուրջ: Մենք ուժեղ 12 միլիոնանոց ազգ ենք, որը եթե ցանկանա որեւէ բան անել, անպայման կհասնի իր նպատակին»,- ասել է նա:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նույնպես ողջունել է համաժողովի մասնակիցներին ու հիշեցրել, որ Հայաստանում մահերի մոտավորապես 80 տոկոսը պայմանավորված է ոչ ինֆեկցիոն հիվանդություններով, որոնց մոտավորապես կեսը սրտանոթային համակարգի հիվանդություններն են: Հենց դրա համար էլ սրտաբանների եվրակովկասյան համաժողովի կարեւորությունը բարդ է գերագնահատելը:

Սփյուռքի նախարարության Եվրոպահայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ գիտաժողովը կազմակերպվել է  սփյուռքահայերի նախաձեռնության շնորհիվ: 2007 թ. Ֆրանսիայում նրանք ստեղծել էին «Եվրակովկասյան սրտաբանների կոնգրես» կազմակերպությունը ու որոշել էին տարեկան երկու անգամ Հայաստանում հավաքել հանրահայտ սրտաբանների ու քննարկել սրտաբանության ոլորտի արդիական խնդիրները:

Ամեն անգամ այդ համաժողովներին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Անգլիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի լավագույն սրտաբանները, իսկ այս տարի ժամանել է նաեւ մեկ մասնակից Մոնակոյից:

Ինչպես նշել է Հրաչյա Ասլանյանը՝ գիտաժողովի նպատակն է նպաստել Հայաստանում սրտաբանության զարգացմանը եւ այնպես անել, որ արտասահմանցի բժիշկները կարողանան իրենց հայ գործընկերներին փոխանցել այս ոլորտի բոլոր նորություններն ու գիտելիքները:

[gallery id=52]



© NEWS.am Medicine