Հայաստանի մարզերում դիզենտերիայի զանգվածային բռնկումների պատճառն է դարձել աղտոտված ջուրը

15:32   18 սեպտեմբերի, 2015

Բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որտեղ վերջին մի քանի օրում գրանցվել են դիզենտերիայի զանգվածային բռնկումներ, օգտվում են նույն ջրագծից: Այդ ջրի հետազոտությունը, որն անց է կացրել Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնը, ցույց է տվել, որ այն աղտոտված է ու չի համապատասխանում ոչ մի նորմերի: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողութան ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների ու առանձնահատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը:

«Ջուրն աղտոտված էր ու նրա քիմիական ցուցանիշները չէին համապատասխանում ընդունված նորմերին: Հենց դա էլ դարձել է դիզենտերիայով վարակվելու պատճառը»,- նշել է մասնագետը:

Լիանա Թորոսյանը նաեւ հավելել է, որ արդեն ձեռնարկվել են ջրի վնասազերծման միջոցառոմներ. այն մաքրվել է եւ քլորավորվել, ու հիմա ջրի ցուցանիշներում ոչ մի շեղում չկա: Դրա շնորհիվ դիզենտերիայի բռնկումները կարծես դադարել են, աղիքային ինֆեկցիաներով  նոր հիվանդների թիվը վերջին օրերին շատ նվազել է, իսկ գրանցված եզակի դեպքերում մարդիկ ոչ թե ջրից են վարակվել ՝ կենցաղային – կոնտակտային ճանապարհով, այլ իրենց ազգականներից:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք այսօր արդեն գնում ենք դեպի իրավիճակի կայունացում»,- նշել է մասնագետը:

Խմելու ջրի արտադրական վերահսկողությունը պետք է կատարեն ջրամատակարարումով զբաղվող կառույցները . թե ինչու նրանք ջրի խնդիրները չեն բացահայտել դիզենտերիայի բռնկումներից առաջ ՝ ոչ ոք չգիտի: Առողջապահության նախարարությունը ջրի մոնիտորինգ է անում միայն որոշ կետերում, բացատրեց Լիանա Թորոսյանը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Շիրակի ու Արագածոտնի մարզերում գրանցվել են աղիքային ինֆեկցիայի բազմաթիվ դեպքեր, որոնք սննդամթերքի հետ կապ չունեն: Տուժածներից մի քանիսը դեռ հիվանդանոցներում են գտնվում:



© NEWS.am Medicine