Հոկտեմբերի 4-ի կիսամարաթոնը Երեւանի կարեւորագույն զանգվածային միջոցառումներից մեկն է. բարեգործական վազորդ

14:23   3 հոկտեմբերի, 2015

Բարեգործական կիսամարաթոնը, որն անցնելու է Երեւանում հոկտեմբերի 4-ին, տարվա կարեւորագույն մարզական միջոցառումներից մեկն է: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել կիսամարաթոնի մասնակից, Run Yerevan կազմակերպչական թիմի եւ Charity Runners Team-ի անդամ ու կազմակերպիչ Տիգրան Մամիկոնյանը:

Կիսամարաթոնը, ինչպես նշեց բարեգործական վազորդը, միանգամից մի քանի նպատակ է հետապնդում. բնականաբար գլխավոր նպատակը Մանկական ցերեբրալ կաթվածով՝ ԴՑՊ- ով հիվանդ 8 երեխաների համար գումար հավաքելն է, բայց այն նաեւ լինելու է առողջ կենսակերպի հրաշալի քարոզչություն, Երեւանի փակ փողոցներով հիանալու ու դրանք առանց մեքենա տեսնելու եւ իհարկե ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելու լավ հնարավորություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Run Yerevan Charity Runners Team–ի բարեգործական վազորդների թիմը կվազի Երեւանի գեղատեսիլ փողոցներում՝ Երեւանյան առաջին կիսամարաթոնի շրջանակում՝ հույս ունենալով հավաքել առնվազն 2 մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի չունեւոր ընտանիքների ԴՑՊ-ով հիվանդ 8 երեխաների համար օրթոպեդիական կոշիկ, սայլակներ ու այլ հատուկ սարքավորումների գնելու նպատակով:  Իրենց նպատակին հասնելու համար բարեգործական վազորդները իրենց շրջապատում տեղեկություններ են տարածում երեխաների, նրանց երազանքների ու այն մասին, թե ինչ սարքավորումների կարիք նրանք ունեն: Նրանց արդեն հաջողվել է հավաքել ավելի քան 1 մլն դրամ:

Հոկտեմբերի 4-ին վազորդները կանցնեն 10 կմ հեռավորություն: Նմանատիպ միջոցառում արդեն կազմակերպվել է այս տարվա մայիսին, բայց հեռավորությունն ավելի կարճ է՝ ընդամենը 5 կմ:

«Սա շատ խորհրդանշական հեռավորություն է՝ այստեղ ոչ մի մարզական հավակնություն չկա: Այս միջոցառման ամենամեծ «հավակնությունը» մարդկանց հետ հաղորդակցվելն է ու երեխաների համար գումար հավաքելը, որպեսզի գոնե ինչ -որ բանով օգնենք նրանց ու մարդկանց ուշադրությունը գրավենք նրանց խնդիրների նկատմամբ: Եթե յուրաքանչյուր մարդ փոքր գումար նվիրաբերի ՝ ի վերջո լուրջ գումար կհավաքվի, որը կարող է օգնել այն հիվանդ երեխաներին, որոնք դրա կարիքն այդքան շատ ունեն», - ասել է Տիգրան Մամիկոնյանը:

 Նախագծի պաշտոնական կայքից՝ http://yhm.runyerevan.org դուք կարող եք ավելի շատ տեղեկություններ իմանալ այս միջոցառման ու այն երեխաների մասին, որոնց համար այն կազմակերպվել է:



© NEWS.am Medicine