13:25 12 հոկտեմբերի, 2015Աշխարհում ծխելու դեմ պայքարի մի շարք համընդհանուր մեխանիզմներ են մշակվել, եւ Հայաստանը, որը վավերացրել է ծխախոտի դեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան, եւս օգտագործում է դրանք։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ Առանց ծխախոտի ազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Նրա խոսքով, ծխելու դեմ պայքարի 5 հիմնական մեխանիզմ է օգտագործվում.
1. Ծխելու վնասակարության մասին իրազեկում;
2. Ծխախոտի գովազդի արգելում;
3. Հասարակական վայրերում ծխելու սահմանափակում, այսինքն պաշտպանություն երկրորդական ծխի ազդեցությունից;
4. Հարկային քաղաքականություն. ծխախոտի վրա հարկերի ավելացում, ինչի հետեւանքով թանկանում է ծխախոտը;
5. Բուժական օգնություն ծխողներին եւ ծխելը թողնել ցանկացողներին։
Հայաստանում քայլեր են ձեռնարկվում բոլոր հինգ ուղղություններով, բայց ոչ բոլոր ուղղություններով են դրանք արդյունավետ։ Մասնավորապես, ծխախոտի տուփի ձեւավորման, գովազդի արգելման հարցում, Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, մենք արդեն որոշակի ձեռքբերումներ ունենք, ինչը չի կարելի է ասել հանրային վայրերում ծխելու սահմանափակման մասին։ Մինչդեռ, հաջողության կարելի է հասնել միայն բոլոր հինգ ուղղություններով հետեւողական աշխատանքի շնորհիվ։
Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ծխողներին, Ալեքսանդր Բազարչյանը կարճ է պատասխանել. «Թողնել»։ Իսկ հետո հավելել է, որ այդ հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, եւ յուրաքանչյուրը կարող է բժշկի հետ խորհրդակցելով իր համար որոշել ամենալավ միջոցը։