01:41 21 հոկտեմբերի, 2015Դաշտանադադարից հետո կանանց մոտավորապես 15 տոկոսը բախվում է օսթեոպորոզի՝ ոսկորների հիվանդության հետ: Բժիշկ օրթոպեդ Արարատ Նազարյանը ներկայացրել է այս հիվանդության զարգացման մի քանի ռիսկի գործոն:
1. Դաշտանադադար
Դաշտանադադարից հետո կնոջ հորմոնալ համակարգը փոխվում է՝ նրա օրգանիզմում էստրոգեններն ու պրոգեստերոնը նվազում են, ինչը նպաստում է ոսկորներից կալցիումի դուրս գալուն, ինչի հետեւանքով էլ ոսկորները չափազանց փխրուն են դառնում
2. Սնունդ
Կալցիումի հիմնական պաշարները ոսկորներում կուտակվում են դեռ մանկության ու պատանեկության տարիներին: Եթե երեխայի սննդակարգում վիտամինների ու կալցիումի պակաս կա, ապագայում նա կմտնի օսթեոպորոզի զարգացման ռիսկի խումբ:
Հենց դրա համար էլ օսթեոպորոզի կանխարգելման նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս մանուկ հասակից ճիշտ սնվել՝ սննդակարգում պարտադիր ներառելով կաթնամթերք, պանիր, բանջարեղեն, ձուկ ու քնջուտ:
2. Պասիվ կենսակերպ
Ֆիզիկական վարժությունները ամրացնում են ամբողջ մարմինը ու պարզապես անհրաժեշտ են օսթեոպորոզի ( ինչպես եւ մյուս հիվանդությունների ) կանխարգելման համար: Եվ նաեւ հակառակը՝ պասիվ ու նստակյաց կենսակերպը մեծացնում է այդ հիվանդության զարգացման հավանականությունը:
4. Ծխախոտ ու ոգելից խմիչք
Ծխախոտն ու ոգելից խմիչքը, մասնագետի խոսքով, նույնպես բարձրացնում է օսթեոպորոզի զարգացման վտանգը:
5. Ժառանգականություն
Անշուշտ, ժառանագականությունը նույնպես մեծ դեր է կատարում այս հիվանդության զարգացման համար
6. Առաջին դաշտանը
Առաջին դաշտանի ժամանակը նույնպես շատ կարեւոր է՝ այն աղջիկները, որոնց առաջին դաշտանը ուշ է սկսվել՝ 16 տարեկանից հետո, ռիսկի խմբում են: Հետաքրքիր է, որ ռիսկի խմբում են նաեւ նրանք, ում դաշտանը չափից շուտ է սկսվել:
7. Կանացի հիվանդություններ
Կանացի սեռական օրգանների զանազան հիվանդությունները նույնպես, որպես կանոն, բարձրացնում են օսթեոպորոզի զարգացման վտանգը: Հետաքրքրական է, որ ձվարանների հեռացումը, որի հետեւանքով դաշտանադադար է սկսվում, նույնպես ռիսկի գործոն է համարվում:
8. Դեղամիջոցներ
Որոշ դեղամիջոցների երկարատեւ գործածումը նույնպես կարող է ազդել ոսկորների ամրության վրա ու դրանք ավելի փխրուն դարձնել:
9. Քաշ
Ուշագրավ է, որ նիհար կանայք նույնպես օսթեոպորոզի զարգացման ռիսկի խմբում են, իսկ ահա ավելի գիրամարմին կանանց օսթեոպորոզի վտանգն ավելի քիչ է սպառնում: