Հայաստանը 2 նոր դենսիտոմետր է ստանալու 2016 թ. սկզբին

21:43   22 հոկտեմբերի, 2015

2016 թ. սկզբին Հայաստան են բերելու 2 նոր դենսիտոմետր: Դրանցից մեկը Վանաձորում կտեղադրեն, մյուսը՝ Կապանում: Այս մասին NEWS.am Medicine թղթակցին պատմել է ԱՄՆ կոլումբիական համալսարանական բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը:

Դեռ 2007 թ. Հայաստանում ընդամենը մեկ դենսիտոմետր կար, իսկ այսօր՝ բժիշկ Բիլեզիկյանի ու Hologic Corporation ընկերության ջանքերով, Երեւանում դրանք արդեն 7-ն են՝ 6 DXA սարք ու 1 սարք, որն օգտագործում է ՈւՁՀ տեխնոլոգիա: Մեկ սարք էլ Գյումրիում կա:

Դենսիտոմետրը սարք է, որը չափում է ոսկորների ամրությունն ու օգնում ախտորոշել օսթեոպորոզը: Ինչպես նշել է Ջոն Բիլեզիկյանը, դա շատ նուրբ ու անվտանգ տեխնոլոգիա է, առանց որի թերեւս անհնար կլիներ ախտորոշել օսթեոպորոզը մինչեւ կոտրվածքները: Իսկ դենսոմետրի օգնությամբ կոտրվածքներ կարելի է կանխատեսել այն կնոջ մոտ, ով իրեն միանգամայն լավ է զգում ու օսթեոպորոզ չի կասկածում, որից հետո նա կարող է բուժում սկսել ու կանխել կոտրվածքներն ու օսթեոպորոզի մյուս բարդությունները: Հենց դրա համար էլ դենսիտոմետրիան, մասնագետի խոսքով, օսթեոպորոզի ախտորոշման ստանդարտն է:

Բնակչության մեկ շնչին բաժին հասնող դենսիտոմետրերի քանակով 2006 թ. Հայաստանը աշխարհի ամենավերջին երկրներից մեկն էր: 2013 թ. Հայաստանը այդ ցանկում վերեւ բարձրացավ ու տեղ զբաղեցրեց գրեթե մեջտեղում: 2016 թ. եւս երկու դենսիտոմետր ստանալուց հետո Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկը կդառնա՝ բնակչության մեկ շնչին բաժին հասնող այդ սարքերի քանակով:

 



© NEWS.am Medicine