Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել

16:44   23 հոկտեմբերի, 2015

Արագածոտնի մարզի Օհանավան և Օշական գյուղերում սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել ՝ 2 տուժածով։ Թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սունկ ուտելուց հետո 1.5-2 ժամ անց: Նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ։ Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է սնկային թունավորումից խուսափելու համար`

Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ:

Չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սունկ, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:



© NEWS.am Medicine