Գիտնականները պատմել են, թե ինչ տեսք կունենա մարդը 1000 տարի անց

11:55   24 հոկտեմբերի, 2015

Կանադայում AsapScience նախագծի մասնակիցները պատմել են, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը 1000 տարի անց, եւ ինչ տեսք կունենան մարդիկ:

Պարզվում է, որ մարդկանց աչքերը կարող են դառնալ կարմիր, իսկ մաշկը, ամենայն հավանականությամբ, ավելի մուգ կլինի: Այդ բոլոր փոփոխությունները տեղի կունենան կլիմայի փոփոխության  (գլոբալ տաքացումը մաշկն ավելի թուխ կդարձնի, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից), արհեստական ինտելեկտի եւ գենետիկ մուտացիաների պատճառով: Մարդիկ, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի բարձրահասակ եւ նիհար, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի հարմարվել շոգ եղանակին:

Այսպես կոչված դիզայներական երեխաները կօգնեն մարդկությունն ավելի խելացի, հմայիչ եւ սպորտային դարձնել: Մյուս կողմից, եթե ծնողների մեծ մասն ընտրի միանման գեղեցիկ դիզայներական երեխաների, դա կպակասեցնի մարդկության գենետիկ բազմազանությունը եւ ավելի խոցելի կդարձնի մարդկանց: Ինչ-որ մի վիրուս կարող է ողջ մարդկությունը վերացնել երկրի երեսից:

Փորձագետները նաեւ ենթադրում են, որ ոչ հեռու ապագայում նանոռոբոները կինտեգրվեն մեր մարմիններում: Մարդը չի սահմանափակվի իր մարմնով. նա կլինի կենսաբանական մարմնի եւ մեքենայի համադրություն:



© NEWS.am Medicine