Մարզասրահի յուրաքանչյուր երրորդ այցելու նիհարելու համար դեղեր է խմում

16:36   28 հոկտեմբերի, 2015

Մարզադահլիճներ այցելողների ավելի քան  30 տոկոսը նիհարելու նպատակով դեղ կամ սննդային հավելումներ է օգտագործում: Իրենց արտաքինից եւ մարմնաձեւերից դժգոհ շատ մարդիկ  հույսը դնում են հոգեակտիվ նյութերի վրա:  Այդ մասին տեղեկացնում են Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի հետազոտողները:

Գիտնականների խոսքով, որոշ մարդկանց՝ իդեալական մարմին ձեռք բերելու ձգտումը չափազանց հեռուն է գնում, եւ մարզասրահի յուրաքանչյուր երրորդ բաժանորդագրություն ունեցողը առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող դիետիկ հաբեր  կամ հավելումներ է օգտագործում ավելորդ քաշից ազատվելու եւ մարզումներին լավագույն արդյունքի հասնելու համար: 

Նրանց կեսը կանոնավոր կերպով հոգեակտիվ նյութեր է ընդունում իր նպատակին հասնելու համար: Մարզասրահի յուրաքանչյուր երրորդ այցելուն առնվազն մեկ անգամ արգելված ամֆետամիններ է օգտագործում մարմնի համամասնությունների բարելավման համար: 

«Այդ մարդիկ իրենց թմրամոլ չեն համարում, որովհետեւ հետեւում են հասարակությունում ընդունված միտումներին, ասել է հետազոտության հեղինակ Օմելա Կարացին: Եթե ընդհանուր դեղատանը հավելումներ կամ սեռական ակտիվության խթանիչներ ես  գնում, ուրեմն համարում ես, որ դրանք լավն են եւ լրիվ անվնաս, բայց հետագայում պարզում ես, որ բոլորովին էլ այդպես չէ»:

Հետազոտության արդյունքները հիմնվել են մարզասրահների 433 կանոնավոր այցելուների հարցման վրա: Նրանց  80%-ը անհանգստացել է իր արտաքինի առումով, իսկ ավելի քան  30%-ը կանոնավորապես  դեպրեսիա է ապրել իր մարմնից դժգոհ լինելու պատճառով:



© NEWS.am Medicine