Երեւանում մեկնարկել է պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնգրեսը

13:08   28 հոկտեմբերի, 2015

Շատ ներքին հիվանդություններ արտացոլվում են նաեւ մարդու արտաքինի վրա եւ կարող են հոգեբանական խնդիրներ եւ անհարմարավետության զգացում առաջ բերել: Որոշ իրավիճակներում հիվանդներին կարող են օգնել պլաստիկ վիրաբույժները, ընդ որում նրանց օգնությունը կարող է նույնիսկ մեծացնել հիմնական հիվանդության բուժման արդյունավետությունը: Այդ մասին պլաստիկ վիրաբույժների «Նոր հորիզոններ պլաստիկ վիրաբուժության եւ մաշկավիրաբուժության մեջ» կոնգրեսին իր ողջույնի խոսքում ասել է Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: 

«Ես, որպես ներքին հիվանդությունների մասնագետ, հույս ունեմ, որ արտաքին խնդիրների վերացմամբ կկարողանանք հետադարձ կապ ստեղծել եւ ազդել այն օրգանի գործառույթի եւ կառուցվածքի վրա, որն այդ լուրջ խնդիրների պատճառն է», - ասել է ռեկտորը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ընկերակցության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, սա պլաստիկ վիրաբույժների արդեն հինգերորդ կոնգրեսն է, որը տեղի է ունենում Հայաստանում եւ այս տարի Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից 150 մասնակցի է հյուրընկալել: Նրանք բոլորը կքննարկեն այն նորույթներն ու նորագույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության մեջ:  

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը եւ նշել է, որ շատ կարեւոր է, որ գիտաժողովին մասնակցում են մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլեւ  արտասահմանից, ինչպես նաեւ բժիշկներ Լեռնային Ղարաբաղից, ուսանողներ եւ կլինիկական օրդինատորներ: 

Հոկտեմբերի 30-ի կոնգրեսի շրջանակում տեղի կունենա մաշկավիրաբուժության վերաբերյալ  արբանյակային գիտաժողով: 

Կոնգրեսի կազմակերպիչներն են Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ընկերակցությունը, Երեւանի պետական բժշկական համալսարանը:



© NEWS.am Medicine