Հոգու անմահությունն ու երիտասարդացնող խնձորները. Երեւանում քննարկվում են կյանքի որակի ու երկարակեցության հարցերը

14:11   6 նոյեմբերի, 2015

Ինչպե՞ս է յուրաքանչյուր մարդու առողջությունը, հետեւաբար նաեւ առողջապահության համակարգն ազդում կյանքի որակի վրա: Այս հարցն է քննարկվում «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ . միջմասնագիտական մոտեցում» միջազգային գիտաժողովում, որն այսօր է բացվել Երեւանում: Գիտաժողովին մասնակցում են բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ՝  Հայաստանից ու արտասահմանից:

Ինչպես գիտաժողովի բացման ժամանակ արտահայտվեց ՀՀ Առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը «առողջութունը կյանքի որակի կարեւոր նախապայման է, նաեւ երաշխիք: Այս խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, ու մենք չենք կարող անմասն մնալ այս խնդրին»:

Կյանքի որակն ապահովող ուղղություններից մեկը հակածերացման բժշկությունն է: Դա նոր մասնագիտություն է, որը ծնունդ է առել ԱՄՆ –ում 1993 թ. եւ որի նպատակն է կյանքի կոչել մարդկության վաղեմի երազանքը՝ ապրել երկար ու երիտասարդ մնալ: Այս մասին գիտաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտնեց «Ժեներալ» հակածերացման կլինիկայի ղեկավար Ժեներա Սահակյանը:

Չնայած աշխարհի բոլոր կրոնները խոսում են հոգու անմահության մասին` յուրաքանչյուր մարդ փորձում է երկարացնել իր կյանքը ու հետաձգել  մահը: Հավերժ երիտասարդության բաղադրատոմսեր փնտրել են մարդկության պատմության ամբողջ ընթացքում, դրան են նվիրված բազմաթիվ առասպելներն ու հեքիաթներ երիտասարդացնող խնձորների, երիտասարդության էլիքսիրների մասին եւ այլն»,- ասել է նա:

Ժ. Սահակյանի խոսքով, հակատարիքային բժշկության մեջ գիտական որոնումները տարբեր ուղղություններ ունեն: Առաջինը գենետիկ ուղղությունն է՝ այսինքն երկարակեցության գեների որոնումը: Այն միջոցների որոնումը, որը թույլ է տալիս երկարացնել տելոմերները, որոնք բջիջների կենսաբանական ժամացույցն են: Կյանքը երկարացնող դեղամիջոցների, օրինակ նեստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների որոնումը: Այնուհետեւ՝ մարդու սեփական հյուսվածքներից պատրաստվող դեղամիջոցների մշակումը: Ըստ կանխատեսումների՝ 5-10 տարի հետո մշակվելու են արհեստական հյուսվածքների՝ իսկ 10-20 տարի հետո՝ արհեստական օրգանների ստեղծման տեխնոլոգիաներ:

Մասնագետը նշեց, որ հակածերացման բժշկությունը երկու ուղղություններով է զարգանում՝  երիտասարդ մարդկանց համար, որպեսզի օգնեն նրանց պահպանել առողջությունն ու երիտասարդությունը: Եվ մեծահասակների համար՝ որպեսզի օգնեն նրանց պահպանել կյանքի որակը՝ բուժելով ու կանխարգելելով խրոնիկ հիվանդությունները: 

Հայկական հակածերացման ասոցացիայի նախագահ Իննա Պերսոյանը հայտնել է,որ գիտաժողովի ընթացքում երիտասարդ բժիշկները՝ կլինիկական օրդինատորները, մրցութային հիմունքներով զեկույցներ կներկայացնեն, բայց չի բացահայտել, թե ինչ է ստանալու հաղթողը, ասելով, որ դա անակնկալ կլինի:

«Առողջությունով պայմանավորված կյանքի որակը. միջմասնագիտական մոտեցում » միջազգային միջմասնագիտական գիտաժողովը անցնում է 2015 թ. նոյեմբերի 6-7-ը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի սրահներում:  Գիտաժողովին հրավիրված են հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից ու Շվեյցարիայից:

Գլխավոր հովանավորներն են Takeda, Astellas.Спонсоры: Prom-Test, Rocordati, Unipharm, Bayer.

Տեղեկատվական հովանավորները՝ NEWS.am Medicine, Med- Practic, Analitik.am, hayacq.am, «Առողջություն» ամսագիր, Հայաստանում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոն:

Գործընկեր՝ Platinium.ink

 



© NEWS.am Medicine