Դաունի համախտանիշով տղամարդը պատրաստվում է բոդիբիլդինգի առաջնության (ֆոտո, վիդեո)

13:02   10 նոյեմբերի, 2015

Մի քանի օր հետո Քոլին Քլարկը կյանքում առաջին անգամ կմասնակցի բոդիբիլդինգի առաջնությանը: Մյուս մասնակցիներից 22 ամյա Քոլինին տաբերում է այն փաստը, որ նա Դաունի համախտանիշով է ծնվել:

Նրա համար բարդ է խոսելը, եւ հետո՝ մարզումները նույնպես նրան ավելի դժվար են տրվում, քան մյուսներին, բայցեւայնպես նա ձգտում է իրականացնել իր մանկական երազանքը՝ բոդիբիլդեր դառնալ:

14 News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երբ երեխա էր, բոդիբիլդինգի մրցումներում տեսել է առողջ տղամարդկանց, որոնք հոյակապ մարզավիճակում էին ու միշտ երազել է նրանց նմանվել: Ավելի ուշ Գլեն Ուբելխորը, Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքի մարզիչը, սկսել է մարզել նրան ու օգնել է ազատվել ավելորդ կիլոգրամներից ու դրա փոխարեն մկանային զանգված հավաքել: Մեկ տարվա ընթացքում Քոլինը 27 կիլոգրամով նիհարել է (մինչ այդ նա 90 կգ-ից ավել էր կշռում): Հիմա նա պատրաստ է հանրությանը ներկայանալ ու ցույց տալ իր մարզումների արդյունքները AC/DC–ի "Back in Black" երգի ներքո:

Նրա մարզիչը, որը նաեւ Քոլինի ընկերն է դարձել, իր հերթին նշել է, որ կարեւոր չէ Քոլինը կհաղթի թե ոչ, կարեւորն այն է, որ նա կյանքի կկոչի իր երազանքը:

«Երբեք մի հանձնվեք, երբեք սկսածը կիսատ մի թողեք: Ջանացեք, որքան կարող եք, ուժ մի խնայեք»,- այսպիսի խորհուրդ է Քոլինը տալիս բոլոր նրանց, ովքեր երազանք ունեն:



© NEWS.am Medicine